Ռիտա Սարգսյան. Աուտիզմը հիվանդություն չէ, այլ կենսակերպ է… ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է (լուսանկարներ). panorama.am
Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Այս օրը հռչակվել է 2008 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Ամեն տարի այս օրն աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն իրենց պետությունների կառավարությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության մեջ: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: panorama.am-ի փոխանցմամբ՝ 2012 թվականից Հայաստանում գործող «Աուտիզմի ազգային հիմնադրամը» օրվա նվիրված կազմակերպեց քայլերթ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մինչև Ազատության հրապարակ, որտեղ անցկացվեցին մի շարք միջոցառումներ, երեխաների նկարների ցուցահանդես, կայացավ աուտիզմով հիվանդ երեխաներին նվիրված երգի շնորհանդես:
Երգի երաժշտության հեղինակը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Այն կոչվում է «Աստծո հրեշտակներ»:
Երգի վերնագիրը պատահական չէ ընտրված, քանի որ տարածված արտահայտություն կա, որ աուտիզմով երեխաները Աստծո հրեշտակներն են: Երգը կատարեցին Ինգա և Անուշ Արշակյանները, «Վաղորդյան կաթիլներ» վոկալ համույթը, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի մանկական նվագախումբը. ելույթ ունեցավ «Փոքրիկ նանեներ» պարային համույթը:
«Ես փորձել եմ այս երեխաների երաժշտական կերպարը գտնել, Ավետը՝ հոգու կերպարը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռիտա Սարգսյանը:
Ռիտա Սարգսյանն ասել է, որ աուտիզմը հիվանդություն չէ, այլ կենսակերպ է. «Եթե այդքանը հասկանալով ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ»:
Նշենք, որ «Աուտիզ ազգային հիմանդրամը ստեղծվել է 2012 թ. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: