
Հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրապարակվել է 16 նախարարից կազմված Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, ինչը երկրի հետպատերազմյան պատմության ամենափոքրաթիվ ցուցանիշներից է:
Մանուել Վալսի գլխավորած նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը պահպանել է Լորան Ֆաբիուսը, ով նշանակվել է արտաքին գործերի ու միջազգային զարգացման նախարարի պաշտոնում:
Կարևոր փոփոխություններից մեկը հանդիսացել է քաղաքական ակտիվ գործունեությանը Սեգոլեն Ռուայալի վերադարձը, ով բազում տարիներ ջերմ հարաբերությունների մեջ է եղել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ռուայալը նոր կառավարությունում գլխավորել է բնապահպանության, կայուն զարգացման ու էներգետիկայի նախարարությունը, որն այսուհետ Ֆրանսիայի խոշորագույն գերատեսչություններից մեկն է: Իր պաշտոնում է մնացել պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Ներքին գործերի նախարար է դարձել Ֆրանսուա Օլանդին մոտ կանգնած Բեռնար Կազնյովը: Նրանից առաջ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս վարչապետ Մանուել Վալսը: Զգալի փոփոխություններ են գրանցվել տնտեսական բլոկում:
Նոր կառավարությունում ֆինանսների նախարար է նշանակվել Միշել Սապենը, ով մինչ այդ զբաղվածության նախարարն էր: Նախկին կառավարությունում արտադրության վերելքի գծով նախարար Առնո Մոնտեբուրը նոր կառավարությունում դարձել է էկոնոմիկայի նախարար:
Ֆրանսիայի կառավարության հրաժարականին նախորդել էր ՏԻՄ ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության խոշոր պարտությունը: