Ուկրաինայի ճակատագիրը վճռում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը և ոչ թե Եվրոպան. Stratfor
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկացի քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանն Ուկրաինայի վերաբերյալ իր հոդվածում նշել է, որ Ուկրաինայի ճակատագիրը վճռում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը և ոչ թե Եվրոպան.
«Ամենահետաքրքիրն այն է, որ հերթական ակտի սկսվելուց հետո ռուսներն ու ամերիկացիները ձեռք մեկնեցին միմյանց: Իհարկե, եվրոպացիների հետ ռուսները նույնպես շփման մեջ են, սակայն երբ քննարկումը հասավ Ուկրաինայի ապագայի հստակեցմանը և մի շարք տարբերակների դիտարկմանը՝ (Ռուսաստանի արտգործնախարար ) Լավրովը սկսեց զանգահարել (ԱՄՆ պետքարտուղար) Քերիին, և Քերին պատասխանում է նրա հեռախոսազանգերին:
Դա վկայում է այն կարևորի մասին, թե ինչպես է կառուցված և գործում մեր աշխարհը: Մասնավորապես, դա այն է, որ իրենց ներքին բոլոր խնդիրներով ու թուլություններով հանդերձ՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ համաշխարհային, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային առաջնորդ:
Երկրորդ ասպեկտը ԵՄ-ում՝ որպես քաղաքական սուբյեկտ, միասնության բացակայությունն է: Եվրոպայում չկա այնպիսի ֆիգուր, ով կկարողանա հանդես գալ եվրոպական երկրների անունից նման կարևոր հարցում: Բրիտանացիները հանդես են գալիս բրիտանացիների անունից, ֆրանսիացիները՝ ֆրանսիացիների, գերմանացիները՝ գերմանացիների, իսկ լեհերը՝ լեհերի անունից:
Երբ բանակցում ես եվրոպացիների հետ, ապա նախ պետք է նրանց հնարավորություն ընձեռել պայմանավորվածության գալ միմյանց միջև: Դրա համար էլ Ռուսաստանն առաջին հերթին բանակցություններ սկսեց հենց ԱՄՆ-ի հետ:
Եթե (Ուկրաինայի) ճգնաժամի կարգավորման շուրջ ձեռք բերվի ռուս-ամերիկյան պայմանավորվածություն, ապա դրան կարող են միանալ գերմանացիները և մյուս երկրները»: