
Եգիպտոսում ֆելդմարշալ Սիսիի հաղթանակի դեպքում կարող է ներում շնորհվել Մուբարաքին ու Մուրսիին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի առաջիկա նախագահական ընտրություններում ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հաղթանակի դեպքում կարող է ներում շնորհվել երկրի նախկին նախագահներ Հոսնի Մուբարաքին ու Մոհամմեդ Մուրսիին:
Ընդգծվում է, որ ներկայումս լրջորեն քննարկվում է այդ հարցը: Սիսիին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ներկայումս դատական տարբեր գործերով անցնող նախկին նախագահներին ներում շնորհելը կարևոր քայլ կհանդիսանա իսլամականների հետ հաշտեցման ճանապարհին:
Նշվում է, որ Սիսիի հաղթանակի դեպքում ներում կարող է շնորհվել նաև Եգիպտոսում ահաբեկչական հռչակված «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական վաղաժամ ընտրությունները նշանակվել են մայիսի 26-27-ին: