
Թուրքական ընդդիմությունը քվեների վերահաշվարկ է պահանջում Ստամբուլում ու Անկարայում

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ) առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլը պահանջել է կատարել քվեների վերահաշվարկ:
Սարըգյուլը, ով պարտվել է ձայների նվազագույն տարբերությամբ, կարծում է, որ Ստամբուլում ընտրությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ: ԺՀԿ փոխնախագահ Գյոքհան Գյունայդընն իր հերթին պահանջել է քվեների վերահաշվարկ կատարել Անկարայի 246 ընտրատեղամասում: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 75.000 քվեի մասին:
Անկարայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Մելիհ Գյոքչեքն հաջողության էր հասել 32.000 ձայնի առավելությամբ: Անկարայում ԿԸՀ-ի շենքի առջև անցկացվել է բողոքի ակցիա: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ձայնային ռումբեր է կիրառել ցուցարարների նկատմամբ: Շանլըուրֆա նահանգում հարձակման է ենթարկվել ԱԶԿ-ի մասնաճյուղի շենքը: