Յանուկովիչը մեծ դեմոկրատ է՝ համեմատած Վրաստանի ներկայիս իշխանությունների հետ. Սաակաշվիլի
BBC-ին տված հարցազրչույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է իրեն դատախազություն կանչելուն: Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ ամենն ապօրինի է, և որ ինքը հրաժարվում է ցուցմունքներ տալ Skype-ի միջոցով՝ ընդգծելով, որ Վրաստանի բնակչությանն ու միջազգային հանրությանը հայտնի է, թե ով է նախաձեռնել տվյալ գործընթացը:
Երբ BBC-ի լրագրողը Սաակաշվիլիին հիշեցրել է, որ թեմաներից մեկն առնչվում է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությանը, Սաակաշվիլին ուղղել է նրան, որ դա եղել է ոչ թե սպանություն, այլ՝ հանգամանքների բերումով աղետալի մահ:
Սաակաշվիլին տվյալ գործի քննումը նմանեցրել է (Ուկրաինայի նախկին նախագահ) Վիկտոր Յանուկովիչի ժամանակ (Ուկրաինայի նախկին վարչապետ) Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ գործ հարուցելու հետ.
«Վրաստանի իշխանությունները չեն կարող և ունակ չեն գնալ երկխոսության, նրանք խոսում են միայն դատախազության լեզվով: Նրանց համեմատ Յանուկովիչը մեծ դեմոկրատ է, նա թեև ոչ հաճախ, և այնուամենայնիվ ընդունել է ընդդիմությանը, խոսել է նրանց հետո, իսկ վրացական իշխանությունները կարող են ընդդիմադիրներին ընդունել միայն դատախազության սենյակներում:
Իմ ժամանակ Վրաստանում չի ձերբակալվել ընդդիմադիր որևէ առաջնորդ, ոչ մի: Դա եղել է մեր գիտակցված որոշումը՝ չդիպչել քաղաքական գործիչներին: Իսկ այժմ ներքին գործերի ու պաշտպանության նախկին նախարարները, նախկին վարչապետը գտնվում են բանտում:
Տասնյակ գործեր են հարուցված նախկին պատգամավորների նկատմամբ, ձերբակալված են «Միասնական ազգային շարժում» կուսակցության տարածքային ղեկավարման տասնյակ առաջնորդներ:
Այդ մեթոդները կապված են լինելու շատ վատ իրադարձությունների հետ, սակայն ռուս օլիգարխ Իվանիշվիլիին դա չես բացատրի: Իվանիշվիլին ռուս օլիգարխ է, նա «Գազպրոմի» խոշորագույն մասնավոր բաժնետեր է, և ի՞նչ կարելի է սպասել այդպիսի մարդուց: Դա այնքան ակնհայտ է, որքան որ 2*2-ը հավասար է 4-ի»: