Կառավարությունն կհաստատի ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագիրը
Հայաստանում 2000 թ-ից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճանաչվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: ՀՀ կառավարությունն առաջիկա՝ ապրիլի 3-ի նիստում, նախատեսում է հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014 թ-ի ծրագիրը: Դրա իրականացման համար այս տարվա պետբյուջեից հատկացվելու է շուրջ 80 մլն դրամ: Նշենք, որ այս գումարն արդեն տարիներ շարունակ անփոփոխ է:
Թեև ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը և երկրի վարկանիշի բարձրացմանը, ոլորտն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար, այնուամենայնիվ, ըստ կառավարության որոշման նախագծի, ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են` մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման և ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, ՏՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները, ՏՀՏ ենթակառուցվածքների անբավարարությունը:
Այս տարվա ծրագրից ակնկալվում է Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովում, մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացում, համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացում, ոլորտի որակյալ մասնագիտական կարողությունների զարգացում և այլն: