ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ՀՀ-ի վերաբերյալ ընդունված զեկույցը ներկայացվել է կոլեգիայի նիստում
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին օրերին եղանակային փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի եւ գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների մասին:
Նա նշեց, որ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, մարզպետարանների ներկայացուցիչները ներկայումս աշխատանքներ են իրականացնում տեղերում` վնասի չափերը ճշգրտելու եւ առկա խնդիրներն արձանագրելու համար: Առաջիկա օրերին տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:
Այս համատեքստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին հանձնարարվեց քննարկել տուժած գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել: Հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին, եւ փոխվարչապետն հորդորեց խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Կոլեգիայի նիստում տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկություններ ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի` մարտի 25-27-ը կայացած 26 –րդ նստաշրջանում Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին զեկույցի քննարկումների եւ ընդունված երաշխավորությունների մասին:
Վ. Տերտերյանը նշեց, որ Կոնգրեսի զեկուցող Նայջել Մերմագենը ներկայացրել է տեղական ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի առաջընթացը եւ ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրարկման նպատակով գործադրված ջանքերը: Արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են տեղական ժողովրդավարության խորացմանն ու ապակենտրոնացման հետագա զարգացմանը: Դրական է գնահատվել նաեւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող “Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը” ծրագրիը:
Հետագա առաջընթացի ապահովման տեսանկյունից զեկուցողները կարեւորել են պետական լիազորությունների ապակենտրոնացման, համայնքների վարչատարածքային անհամաչափությունների մեղմման, պետական մարմինների կողմից ՏԻՄ-երի գործունեության վերահսկման մեխանիզմների կատարելագործման, պետության կողմից համայնքներին տրամադրվող օժանդակության համապատասխանության, նպատակայնության եւ կանխատեսելիության ապահովման անհրաժեշտությունը:
Նշված եւ այլ ուղղությունների վերաբերյալ երաշխավորությունների քվեարկության ժամանակ ընդունվել են նաեւ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված մոտ մեկ տասնյակ առաջարկությունները:
Փոխվարչապետը նկատեց, որ զեկույցն արտացոլում է ոլորտում առկա հիմնական խնդիրները: Նա նշեց, որ Հայաստանը վճռական է շարունակել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ապակենտրոնացման խորացման ուղղությամբ աշխատանքները, եւ առաջիկայում նախատեսվող վարչատարածքային բարեփոխումները միտված են նաեւ այդ նպատակներին: Նա ընդգծեց զեկույցում արտացոլված երաշխավորությունների կատարման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը` նկատելով, որ դրանք առաջին հերթին կարեւոր են Հայաստանի ՏԻ համակարգի կայացման համար:
Փոխվարչապետը կարեւոր համարեց, որպեսզի ոլորտին վերաբերող ռազմավարական նշանակության փաստաթղթերը մշակելիս հաշվի առնվեն զեկույցում արտացոլված առաջարկություններն ու երաշխավորությունները: Նա նաեւ առաջարկեց փաստաթուղթը հրապարակային դարձնել:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին