Նունե Սարգսյանը թերահավատ է, որ «ֆեյքերի» մասին օրինագիծը առաջարկել են ներդնել ԶԼՄ-ների ղեկավարները
«Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը թերահավատ է, որ «ֆեյքերի» մասին օրինագիծը առաջարկել են ներդնել լրատվամիջոցների ղեկավարները: «Ես ուզում եմ, որ իրենք այստեղ որևէ փաստարկ բերեն: Երկու տարի մենք խոսում ենք հեռուստատեսության և ռադիոյի թվայնացման օրինագծի մասին, ինչո՞ւ ոչ ոք չհամարեց, որ դա հրատապ է, սառեցված վիճակում դրված է: Այսօր համարում ենք, որ ֆեյքերը շատ ավելի կարևո՞ր են, դա՞ է լրատվական դաշտը փոփոխում»,- ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ կազմակերպված սումների ժամանակ հայտարարեց Նունե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ այս նախագծով հանդես գալու իմպուլսները եկել է լրատվամիջոցներից.
«Մասնավորապես, ինձ` որպես նախկին լրագրող, դիմել են հարգված լրագրողներ, եթե այստեղ են՝ իրենք կխոսեն, ես չեմ տա նրանց անունները, պրոֆեիսոնալ լրատվամիջոցներ, օրաթերթերի խմբագիրներ, որոնց աշխատանքը ես համարում եմ իրապես պրոֆեսիոնալ, որոնք իրենց լրատվամիջոցներում չեն անցել ահա այս սահմանը, և նրանք են ասել, որ տեսնում են նման անհրաժեշտություն՝ կարգավորելու այդ դաշտը»,- նշել էր ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Լսումների ժամանակ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ առաջարկեց. «Առաջարկում եմ նաև ԶԼՄ հասկացության վերաբերյալ, որը վաղուց արդեն հնացել է, որովհետև odnoklassniki պրոֆայլը կարող է համարվել ԶԼՄ, համատեղ աշխատանքային խումբ ձևավորել և մտածել ոչ միայն կոնկրետ այս փոփոխության մասին, այլև՝ մյուս խնդիրների, որովհետև ՀՀ օրենսդրությունը բավական հնացել է: Առանց մյուս ոլորտները կարգավորելու, մեկնաբանությունների տիրույթը աննպատակ կդիտարկվի»: