Հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է
«Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ոլորտի կարգավորման որևէ կարիք չկա:
Նա նշեց, թե վստահ է, որ իր գործընկերները շատ բարի ցանկություններով են առաջնորդվել այս հարցում՝ միաժամանակ ասելով. «Սա պանդորայի արկղի հետ խաղալու ինչ-որ առաջին քայլ է և շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել: Ընդհանրապես՝ պետք չէ կպնել այս ոլորտին, մանավանդ՝ համացանցին, որը ստիպում է ամբողջ միջազգային իրավունքի ողջ կոնցեպտը վերանայել: Դուք տեսնում եք արդեն մտավոր սեփականության իրավունքի կոնցեպտն են վերանայում. արդեն չես կարող ասել՝ որն է պլագիատ, որը՝ չէ, մարդիկ քննարկում են, աշխարհը վերանայում է, սպասենք, տեսնենք, միջազգային կոնվենցիաներ կլինեն, վստահ եմ, որ կկարգավորվի: Ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում և հաճախ դրանք ավելի արագ են ընթանում: Մինչև մենք այստեղ քննարկենք, նոր մի տեխնոլոգիա ի հայտ կգա…»:
Ա. Արզումանյանն ասաց, որ ինքը հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի կողմից բերված օրինակներն ընդունում է, սակայն նշեց. «Բայց քանի որ Մաքսային ենք մտնում, ռուսերենով մի ասացվածք ասեմ՝ что русскому хорошо, то немцу смерть… շատ դեպքերում մենք օրինակներ ենք վերցնում: Հա, ԱՄՆ-ում հազար ու մի բան կա, Յուտա նահանգում կետերի որսը արգելված է, բայց մարդիկ դեպի օվկիանոս ելք չունեն, կետ չեն կարող տեսնել, որ որսան, Փենսիլվանիա նահանգում այսօր էլ գործում է օրենքը, որ եկեղեցի առանց զենք չես կարող գնալ, մուտքը արգելվում է…
Օրինակներ շատ կան, բայց հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է: Պատկերացրեք՝ մի չինացի մեկնաբանություն է գրում կայքում՝ չինարենով, որ, ասենք, Սարիբեկյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընկնենք, գտնե՞նք էդ չինացուն… Աշխարհը փոխվել է, գլոբալ աշխարհ կա, էսօր չի կարելի…»:
Նա Աիփինե Հովհաննիսյանին խորհուրդ տվեց մտնել, ասենք, «The New York Times» և ցանկացած հոդվածի տակ հայերենով մեկնաբանություն գրել: «Հիմա ի՞նչ, հասկացեք, որ սա էն գեղը չի, որ կար, սա գլոբալ աշխարհ է, որ առաջնորդվում է համամարդկային, համաշխարհային սկզբունքներով: Հասկանում եմ՝ բոլորիս էլ վիրավորել կարող են, մի կարդացեք քոմենթները….»,- եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը: