Հայտնի են դարձել Թուրքիայի 81 նահանգից 76-ում հաղթողների անունները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` 5 նահանգում դեռ շարունակվում է երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քվեների հաշվարկը, մինչդեռ մնացյալ 76 նահանգում հայտնի են դարձել հաղթողների անունները:
Այդ 76 նահանգից 48-ում հաղթել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները, 11-ում` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչները, 9-ում` քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչները, 7-ում` «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչները:
Միակ նահանգը, որում հաղթել է անկախ թեկնածուն, Մարդինի նահանգն է, ուր հաղթել է քուրդ Ահմեթ Թուրքը: Ստամբուլում հաղթել է ԱԶԿ-ի ներկայացուցիչ Քադիր Թոփբաշը, Անկարայում` ԱԶԿ-ական Մելիհ Գյոքչեքը, իսկ Իզմիրում` ԺՀԿ-ական Ազիզ Քոջաօղլուն: