Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխող կուսակցությունը լուրջ պարտություն է կրել ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլում

EuroNews հեռուստաալիքի փոխանցմամբ` իշխող Սոցիալիստական կուսակցությունը լուրջ պարտություն է կրել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) երկրորդ փուլում` չնայած նրան, որ իշխող կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոյին հաջողվել է հաղթել Փարիզի քաղաքապետի ընտրություններում:

Սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունից դժգոհ բազմաթիվ մարդիկ քվեարկել են աջերի և ծայրահեղական աջերի օգտին: Միևնույն ժամանակ մեծ թվով ձախ ընտրողներ չեն մասնակցել քվեարկությանը` դրանով իսկ նվազեցնելով քվեարկածների քանակը և հավելյալ վնաս պատճառելով սոցիալիստներին:

Մարի Լե Պենի գլխավորած ծայրահեղական աջ «Ազգայնական ճակատը» հաղթել է առնվազն 10 քաղաքում: Ընդգծվում է, որ արմատականները նման հաջողության չէին հասել 1972 թվականին ստեղծված իրենց կուսակցության ողջ պատմության ընթացքում:

Ավելի քան 150 քաղաք կորցրած սոցիալիստների միակ սփոփանքն այն է, որ Անն Իդալգոն հաղթել է Փարիզում: Դրանով իսկ նա կփոխարինի Բերտրան Դելանոեին, ով վերջին 13 տարիներին զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը և կդառնա Ֆրանսիայի մայրաքաղաքի առաջին կին քաղաքապետը:

Ֆրանսիացի պահպանողականների շտաբ-բնակարանում ցնծություն է տիրում. 2008 թվականից հետո առաջին անգամ նրանք հաղթանակ են տարել ՏԻՄ ընտրություններում: Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ժամանակ նրանք կանոնավորապես պարտվել են, և վերջապես այժմ Ֆրանսիայում վերստին տարածվել է «երկնագույն ալիքը»:

Շատերը կարծում են, որ ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության պարտությունը կհանգեցնի կառավարությունում մի շարք փոփոխությունների: Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ այդ քվեարկությունը թե´ տեղական, թե´ ազգային մակարդակով վկայում է կառավարության պարտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս