
Ռուսաստանը սկսել է իր զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի սահմանների երկայնքով կենտրոնացած ռուսական զորքերի քանակը նվազել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Նրա խոսքերով` սահմանամերձ շրջաններում կենտրոնացած ռուսական զորքերի քանակը նվազեցվել է մինչև 10.000-ի: Նա հավելել է, որ դրան զուգահեռ նվազել է նաև ռուսական ներխուժման հավանականությանը. «Եթե մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի ներխուժման հավանականությունը գնահատում էինք 80 տոկոսով, ապա ներկայումս` 50 տոկոսով»:
Ընդգծվում է, որ Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի նահանջը մեկնարկել է (Փարիզում) ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև անցկացված բանակցություններից ժամեր անց: Քերին ու Լավրովը քննարկել էին Ուկրաինայի հարցը, Քերին ընդգծել էր, որ սահմանին ռուսական զորքերի առկայությունը վախի ու ահաբեկման մթնոլորտ են ստեղծել Ուկրաինայում: