
ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովային` Մերձդնեստրի հետ սահմանն ամրապնդելու համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը պատրաստ է Մոլդովային հատկացնել 10 միլիոն դոլար` երկրի սահմաններն ամրապնդելու համար: Այս մասին Քիշնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը.
«Տարածաշրջանում ստեղծվում է ոչ պարզ իրավիճակ: Դրա համար էլ մենք որոշել ենք Մոլդովային հատկացնել հավելյալ 10 միլիոն դոլար` սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար: Դա տեղավորվում է ռազմավարական երկխոսության մեջ, որը Մոլդովան զարգացնում է ԱՄՆ-ի հետ»:
Նուլանդը հավելել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են ԱՄՆ-Մոլդովա երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչը հատկապես վերաբերվում է Ուկրաինային ու Ղրիմին: ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի վաղ աջակցություն է հայտնել Մոլդովայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: