
ԱՄՆ-ը ՌԴ-ին առաջարկել է հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հաստատել են Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու իրենց ձգտումը:
Քերին մանրամասնել է, որ ԱՄՆ-ը առաջարկել է Ուկրաինայում ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքները, կարգավորել լեզվական խնդիրները, ներգրավել միջազգային դիտորդների, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, զինաթափել բոլոր ապօրինի զինված խմբավորումներին ու սադրիչներին և Ուկրաինայի սահմաններից հեռացնել ռուսական զորքերին, քանի որ դա ձևավորում է վախի ու ահաբեկման մթնոլորտ:
Քերիի խոսքերով` Ուկրաինայի մասին որևէ որոշում չի կարող ընդունվել առանց նրա լեգիտիմ կառավարության մասնակցության: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի կառավարության հետ խորհրդակցում է Ռուսաստանի հետ բանակցություններում ցանկացած հարցի շուրջ: Քերին հավելել է, որ Ուկրաինայի ֆեդերալացման հարցը պետք է լուծեն իրենք` ուկրաինացիները: