
Էջմիածնում տեղի ունեցավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի մեծարման երեկոն

Էջմիածնում օրերս տեղի ունեցավ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանի մեծարման երեկոն` բանաստեղծի հիսնամյա հոբելյանի կապակցությամբ: Էջմիածնի ողջ մտավորականությունը և Խաչիկ Մանուկյանի ստեղծագործության երկրպագուները հավաքվել էին՝ մեծարելու իրենց համաքաղաքացուն: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրապարակեց տեղի ավագանու որոշումը, որով Խ. Մանուկյանին շնորհվում էր «Էջմիածին քաղաքի բարեկամ» կոչումը:
Այս հանդիսությանը նախորդել էր մարտի սկզբին Երևանում՝ Գրողների տանն անցկացված ստեղծագործական երեկոն, որում Խ. Մանուկյանի գրողական արվեստին իրենց բարձր գնահատանքն էին տվել միության նախագահության ներկայացուցիչները, անվանի գրականագետներ, բանաստեղծի գրչընկերները: Մշակույթի նախարարի անունից նրան էր շնորհվել նաև «Գրիգոր Նարեկացի» պատվո մեդալը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով` իր ստեղծագործություններով Խ. Մանուկյանը բերեց իր ժամանակը, իր կերպարը՝ իբրև գրական նյութ: «Նրա ուժն ու շնորհքն այն էր, որ գրականությունն ու իրականությունը մոտեցրեց իրար… Իրականությունը պահանջում է զինվորներ, և գրականության մեջ այդ զինվորը Խաչիկն է»: Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությանը հայ ընթերցասեր հասարակությունը ծանոթ է նրա «Վիրավոր խաչ», «Բիբլիական ընդմիջումներ», «Գոյահանդես», «Էն աշխարհը չի» և այլ ժողովածուներից: