Ս. Սաֆարյան. Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարի՝ 100 հազարավոր մարդկանց հանելո՞ւ է փողոց, թե՞ ոչ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը երեկ նախազգուշացրել էր իշխանություններին, որ եթե «կոճակային մեծամասնությունը» թույլ չտա ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել, ապա հաջողության հասնելու համար իրենց անհրաժեշտ կլինի կազմակերպել տասնյակ և հարյուր-հազարավոր մարդկանց ներկայությունը փողոցներում, հրապարակներում, հակառակ դեպքում, եթե իշխանությունը «հետևություն չանի» իրենց ասածներից՝ «բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից» խուսափել չի լինի:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե Վահան Բաբայանի ղեկավարները պետք է մեկնաբանեն, թե դա ի՞նչ հայտարարություն էր, ի՞նչ էր նշանակում:
«Այս հայտարարությունը պետք է ԲՀԿ առաջնորդը մեկնաբանի: Միգուցե մենք մեկնաբանենք, գնահատականներ տանք, վերջում ասեն, թե՝ Բաբայանն իր մասնավոր տեսակե՞տն է հայտնել… Ես հասկանում եմ, որ հարյուր-հազարներին փողոց է հանելու ոչ թե պարոն Բաբայանը, այլ, ենթադրենք, Գագիկ Ծառուկյանը կամ քաղաքական ուժերի այլ ղեկավարներ, դրա համար նա (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին.- Տ.Մ.) պետք է հայտարարի՝ դուրս հանելո՞ւ է մարդկանց փողոց, թե՞ ոչ»,- նշեց նա:
Ս. Սաֆարյանի խոսքով՝ ինքը ոչ թե լուրջ չի ընդունում երիտասարդ պատգամավորի հայտարարությունը, այլ՝ համարում է, որ հարյուր հազար մարդ փողոց հանող մարդիկ շատ քիչ են Հայաստանում, որոնց թվում «հաստատ Վահան Բաբայանն էլ, ինքն էլ, չեն մտնում»:
«Այլ բան է, որ Վահան Բաբայանն արտահայտի այդ մարդկանցից որևէ մեկի տեսակետը, բայց որպեսզի ես գնահատական տամ, այդ մարդիկ պետք է ասեն, չէ՞, որ դա իրենց տեսակետն է, որ իրենք մարդկանց փողոց են դուրս հանելու: Ո՛չ ես, ո՛չ Վահան Բաբայանը հարյուր հազարին փողոց հանողը չենք»,- նշեց նա:
Ըստ նրա՝ ցանկացած քաղաքական ուժ կարող է խոսել «բարիկադների» մասին, բայց դրա համար անհրաժեշտ են խիստ որոշակի պայմաններ: Ս. Սաֆարյանն ասաց, թե ինքը չի բացառում, որ ԲՀԿ-ն կարող է դուրս գալ փողոց, բայց միաժամանակ նշեց, թե գիտի՝ ով կհանի հարյուր-հազարավոր մարդկանց:
«Եթե հիմա ես, օրինակ, վաղը հայտարարեմ, որ քառյակը 1 մլն մարդ է փողոց դուրս բերելու, դուք սա որպես ի՞նչ կընդունեք… կընդունե՞ք Ս.Սաֆարյանի հայտարարությունը՝ որպես քառյակի պաշտոնական հայտարարություն: Իհա՛րկե չեք ընդունի: Նույն կերպ Վահան Բաբայանի դեպքում է, դա իր հայտարարությունն է, ու եթե չլինի ավելի բարձր հայտարարություն այդ մասին, ոչ ոք չի հավատալու ո՛չ Վահան Բաբայանի, ո՛չ էլ Ս. Սաֆարյանի հայտարարություններին, թե՝ հես ա մեկ մլն մարդ փողոց ենք հանելու»,- եզրափակեց նա: