
Սերգեյ Լավրով. «Արևմուտքը գործում է` ելնելով նեոկայսերական կարոխտախտային նկրտումներից»

«Արևմուտքը, դիմելով պատժամիջոցների «դագանակին», փորձում է գործել` ելնելով նեոկայսերական կարոխտախտային նկրտումներից, բայց նման գործելաոճի ժամանակն անցել է»,- «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ` նշելով, թե «մեկուսացում» եզրույթը հորինել են «արևմտյան գործընկերները», ովքեր ունեն կայսերական նկրտումներ:
«Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բայց որ լուրջ պետություններն իրենց ողջ դիվանագիտական ուժը օգտագործեն ողջ աշխարհի, այդ թվում մեր մերձավոր գործընկերների «ձեռքերն ոլորելու» համար` հիմնվելով այն հաշվարկի վրա, թե նրանք կտրվեն տարածքային ամբողջականության անձեռնմխելիության փաստարկին` արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրության մյուս բոլոր սկզբունքները, այսպիսի «համառությունն» ինձ ապշեցնում է»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարն ավելացրել է, թե պետք է մտածել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի մեջ ներգրավելու, ոչ թե նրանց մեկուսացնելու մասին:
Հիշեցնենք, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված հանրաքվեից և Ղրիմը ՌԴ-ին վերամիավորելուց հետո Եվրամիությունը և ԱՄՆ-ը անհատական պատժամիջոցներ սահմանեցին ռուսաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ. սառեցվեցին նրանց ֆինանսական հաշիվները և արգելվեց վիզայի տրամադրումը: Բացի այդ` Մեծ յոթնյակի (G 7) անդամները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և մյուս պետությունները հայտարարեցին, թե ՌԴ-ն հեռացվել է Մեծ ութնյակի (G 8) կազմից: