Աչքով չտանք՝ Հայաստանը պատրաստ է անդամակցել ՄՄ-ին. Տ.Վալովայա
«Ռուսաստանը Հայաստանում ամենախոշոր ներդրողն է, սա էլ այն դեպքում, երբ ՀՀ-ն դեռ ՄՄ անդամ չէ: Կարող ենք արձանագրել, որ միասնական գոտուն միանալուց հետո ՀՀ նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա: Մենք վերլուծում ենք Բելառուսի և Ղազախստանի վիճակը, և այդ երկրների ներդրումային ներուժը զգալիորեն բարձրացել է ՄՄ-ի շնորհիվ»,- այսօր ՀՀԿ տնտեսական համաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայան:
Ըստ նրա՝ Մաքսային միութանը Հայաստանի անդամակցությունից հետո ՀՀ ներդրումային գրավչությունը կմեծանա, այն զգալի կլինի հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ ՀՀ-ում ավանդաբար զարգացած է այդ ճյուղը և դա այն ուղղությունն է, որում հետարքրքված է ՌԴ տնտեսությունը:
Վալովայան կարևորեց աբխազական երկաթուղու բացումը և կարծիք հայտնեց, որ այդ հարցում առաջընթաց պետք է սպասել. «Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի, Աբխազիայի և Հայաստանի հետ նորմալ տրանսպորտային հաղորդակցությամբ, և այդ հարցը պետք է լուծվի: ՀՀ-ի անդամակցությունն ավելի կարագացնի գործընթացը, իսկ բեռնափոխադրումների ծավալների մեծացումը կնպաստի դրան»:
Հարցին, թե տարբեր ժամկետներ են նշվում ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի ստորագրման կապակցությամբ, ի վերջո ե՞րբ դա տեղի կունենա, Վալովայան պատասխանեց. «Ես վախենում եմ ժամկետների մասին խոսել, քանի որ եթե այնպես լավ է գնում նախապատրաստական գործընթացը, ինչպես ՀՀ-ի հետ, ավելի լավ է աչքով չտալ: Երկուշաբթի աշխատանքային խմբի հանդիպումը կլինի և, հուսով եմ, կարձանագրենք, որ ճանապարհային քարտեզը կատարված է, ՀՀ-ն պատրաստ է անդամակցությանը, կհստակեցնենք անելիքը: Ապրիլին ՄՄ անդամ երեք երկրների նախագահների և ՀՀ նախագահի մասնակցությամբ գագաթնաժողովում հստակ հրահանգ կտրվի, թե երբ ներկայացնել պայմանագիրը: Հայաստանն օբյեկտիվորեն արդեն պատրաստ է, միայն որոշ հարցեր պետք է կարգավորենք»: