«Չորս խմբակցությունների համագործակցությունը պետք չէ ուռճացված ներկայացնել, քառյակը կայացած չէ»

168.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը

– Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հանրահավաք էր հրավիրել՝ նախապես հայտարարելով, որ այն պետք է լինի միացյալ հրապարակ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին քաղաքական ուժերը չարձագանքեցին, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից և ոչ մեկը, որոնց հետ համագործակցում է «Ժառանգությունը», չմասնակցեց հանրահավաքին: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ:

– Ես նրանց փոխարեն չեմ կարող մեկնաբանել, թե ինչու չեն մասնակցել, ինչպես չեմ կարող մեկնաբանել մինչ օրս՝ ինչո՞ւ չպաշտպանեցին Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններին: Բայց ինձ համար տարօրինակ չէ, որ նրանք չեն մասնակցում, որովհետև, ի տարբերություն ԶԼՄ-ների, վերլուծաբանների, որոնք քառյակի փաստը կայացած են համարում, ես համարում եմ, որ այն դեռևս քննարկումների մեջ է և ոչ թե՝ կայացած փաստ: Ուստի մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել ներկա գտնվել «Ժառանգության» միջոցառմանը:

– Ասացիք, թե քառյակը կայացած չէ: Ի՞նչ է դա նշանակում:

Կարդացեք նաև

– Այսինքն՝ քառյակը ոչ թե կա, այլ միայն խոսակցություններ են գնում այն ձևավորելու մասին: Եթե մենք ընդունում ենք, որ քառյակ կա, և քառյակի երեք ուժերը չեն մասնակցել «Ժառանգության» հանրահավաքին, ապա, իհարկե, խնդիր գոյություն ունի… Բայց եթե մենք գտնում ենք, որ քառյակ չկա, ու չորս քաղաքական ուժեր ընդամենը փորձում են այս ամիսների ընթացքում քննարկումների միջոցով համաձայնությունների գալ, ապա այդ դեպքում ամեն մեկն ազատ է մասնակցել կամ չմասնակցել, որովհետև որևէ պայմանավորվածությամբ կապված չեն «Ժառանգության» հետ: Եթե քաղաքական չորս ուժերը դեռևս միասնական օրակարգ չունեն, ապա…

– Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը միասնական օրակարգ չէ՞:

– Դա մի խնդիր է, որի շուրջ իրենք համագործակցում են, այն էլ՝ խորհրդարանական խմբակցությունները, և ոչ ավելին: Այդպիսի օրակարգ էլ Երևանի ավագանիում կա «Բարև, Երևանի» և ԲՀԿ-ի միջև, հետո՞ ինչ: Սա չի նշանակում, թե քաղաքական չորս ուժերն իշխանափոխության հետ կապված ունեն քաղաքական ընդհանուր օրակարգ: Նրանք միայն փորձում են ունենալ, բայց չունեն:

Հետևաբար՝ չորս խմբակցությունների համագործակցությունը պետք չէ ուռճացված ներկայացնել, թե արդեն վերջնական համաձայնություն ու միասնական օրակարգ կա: Չկա՛ նման բան: Եթե քառյակ լիներ, մենք մեր գործողությունները քննարկած կլինեինք միմյանց հետ ու այդ դեպքում մենք նաև կարող էինք պահանջել, որ նրանք մասնակցեն, բայց եթե չկա քառյակ, մենք որևէ մեկից պահանջել չենք կարող, որովհետև մենք ընդամենն ունենք քառյակ ստեղծելու բարի ցանկություններ:

– Պարոն Սաֆարյան, ասացիք, որ եթե «քառյակ լիներ»՝ հարցը կքննարկվեր, և ոչ իշխանական ուժերը կմասնակցեին հանրահավաքին: Ի՞նչն էր խանգարում այդ հարցը քննարկել, երբ նրանց միջև պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում:

– Տարատեսակ հանդիպումներ են լինում, և դրանց ուղղվածությունը պետք է լինի միասնական օրակարգի ձևավորումը: Եթե չկա քառյակը, քառյակ կազմող քաղաքական ուժերի ղեկավարների համաձայնություն՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված, ապա… ես ոչ թե թերահավատ եմ, հասկացեք, այլ ես չեմ ուզում, որ «Ժառանգությանը» ներկայացվի մի բան, որի մեջ իբր թե կա «Ժառանգությունը», և հետո պարզվի, որ դա չկա, իսկ դրանից հետո կսկսվեն տարատեսակ մեղադրանքներ, վերլուծություններ…

Պետք է ներկայացնել պրոցեսն այնքանով, որքանով կա, չի կարելի իրականության տեղ մատուցել ցանկալին: Կրկնում եմ՝ եթե լիներ քառյակ, «Ժառանգությունն» իրավունք կունենար պահանջելու, թե ինչու մյուսները ներկա չեն, բայց եթե չկա այդ քառյակը, կա միայն ցանկություն, ապա որևէ մեկը որևէ մեկից չի կարող պահանջել գնալ մեկը մյուսի միջոցառմանը:

Տեսանյութեր

Լրահոս