Ո՞վ է վախեցնում Ռոբերտ Քոչարյանով. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Ոչ իշխանական» քարոզչությունը ժամանակ առ ժամանակ մեղադրում է «Բաղրամյան 26-ի» քարոզչությանը, որ այն վերակենդանացնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը, որպեսզի դրանով վախեցնի հասարակությանը և վարկաբեկի կառավարության հրաժարականին ուղղված «հրաշալի քառյակի» գործունեությունը: Հավատում եմ. շատ հնարավոր է, որ նախագահականում նստած քարոզիչները նման հնարքների դիմեն: Բայց մյուս կողմից՝ «ոչ իշխանականներն» ասում են, որ Քոչարյանի իշխանությունը Հայաստանի ծաղկման և բարգավաճման շրջանն էր` տնտեսական հրաշալի ցուցանիշներ էին գրանցվել, օլիգարխներ և կոռուպցիա չի եղել, արտաքին քաղաքականության մեջ մենք Ռուսաստանի ֆորպոստը չէինք, միանգամայն ինքնուրույն էինք: Ճիշտն ասած, այդ ամենը ես չեմ նկատել, բայց դարձյալ հավատում եմ` գուցե շատերն իսկապես այդ դրախտում են ապրել: Սակայն առաջին և երկրորդ պնդումների միջև, համաձայնեք, կա որոշակի հակասություն: Եթե դա Հայաստանի ոսկե դարաշրջանն էր, եթե ժողովուրդը կարոտով է հիշում այն բարիքները, որոնցից նա օգտվում էր այդ 10 տարիների ընթացքում և ամեն պահի օրհնում է երկրորդ նախագահին, ապա ինչո՞ւ է «Բաղրամյան 26-ը» նրանով վախեցնում: Վախեցնում են սովորաբար վատ բանով` բարգավաճ, կուշտ և ապահով կյանք ապահովող ղեկավարով չեն վախեցնում: Վախեցնում են այնպիսի երևույթներով և մարդկանցով, որոնք բացասական էմոցիաներ են առաջացնում: Ով է տեսել, որ մարդկանց սպառնան Սանտա Կլաուսի կամ մայր Թերեզայի վերադարձով: Եվ եթե 1998-2008 թվականներին իրապես հրաշքներ են տեղի ունեցել, ապա պետք չէ որևէ «Բաղրամյան 26» վկայակոչել: Շատ ավելի արդյունավետ կլիներ մի կողմ թողնել բոլոր խորամանկությունները և բացիեբաց հայտարարել՝ «Ահա այն տղամարդը, որն օժտված է երկաթյա կամքով, որը բռունցքը խփում է սեղանին, որին ոչ ոք չի համարձակվում թթու խոսք ասել, և որը կհանի մեր երկիրն այս ծանր վիճակից»: Թե չէ ներկայացվում է երկաթյա կամքով և բռունցքով երկրի ցանկալի ղեկավարի մի անորոշ կերպար, և չես հասկանում, թե ում մասին է խոսքը: Գուցե Պուտինի՞: Անշուշտ կամային բարձր հատկանիշներ ունեցող առաջնորդ է: Նույնը՝ Լուկաշենկոն: Կամ գուցե, հաշվի առնելով Հայաստանի վերջին քվեարկությունը ՄԱԿ-ում, Ռոբերտ Մուգաբեի՞: Նույնպես հզոր կամքի տեր մարդ է՝ ընդդիմադիրներին գնդակահարում էր հենց փողոցում՝ առանց ավելորդ ձևականությունների:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս