
Արարատ Զուրաբյան. Թույլ չենք տալու Հայաստանը դարձնել սեպագիր արձանագրություն

«Հարգելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նշեմ, որ ես մասնակցում էի ու ելույթ ունեցա ոչ թե այն պատճառով, որ դա նրա ու «Ժառանգության» հրավիրած հանրահավաքն էր, այլ որովհետև հանրահավաքի` նախապես հայտարարված օրակարգը համարում եմ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցը: Առաջին հերթին` ինքնիշխանության կորուստը»,- այսպես արձագանքեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ի պատասխան մեր հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր մասնակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, այն դեպքում երբ ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված հանրահավքներին ոչ միայն ելույթ չեք ունենում, այլ անգամ չեք մասնակցում:
Անդրադառնալով մարտի 27-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի կողմից հայտնի բանաձևին «դեմ» քվեարկելու փաստին, նա նշեց, թե այդ քվերակությունը ցույց տվեց, որ Հայաստանը որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ` այլևս, ցավոք սրտի, գոյություն չունի:
«Իշխանությունն իր քայլերով Հայաստանը հավասարեցրեց Հյուսիսային Կորեային ու աֆրիկյան մի քանի պետությունների: Այո, աֆրիկաներում կան հարուստ հանքեր ու սավաննաներ, հարուստ է նաև աֆրիկյան ազգերի մշակույթը: Թող գործող, նախկին ու ավելի նախկին իշխանությունները գնան Աֆրիկա` ոսկի ու ադամանդ կորզելու, առյուծներ սպանելու ու սեպագրեր ուսումնասիրելու: Իսկ մենք թույլ չենք տալու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձնել սեպագիր արձանագրություն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: