Լռեցրեք զմիմեանս կամ` «Դեմ եմ»՝ հակառակ կողմից
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության վաղվա լուռ ակցիան, ըստ ամենայնի, չափազանց կարևոր է: Անկեղծ ասած, արդեն դժվար է ասել՝ հատկապես ո՞ւմ համար՝ պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարողների՞, թե՞ այդ համակարգը նրանց պարտադրող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ամբողջ իշխանության: Այսօր մենք համարձակվել էինք կարծիք հայտնել այն մասին, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց լուռ ակցիա անցկացնելը, մեղմ ասած, այս խնդրի լուծման լավագույն ճանապարհը չէ:
Մեզ թույլ էինք տվել նաև մտածել, որ եթե ակնհայտ փաստերի առկայությամբ, ՍԴ-ի վրա հանրային ճնշում հայտնելու հնարավորությունը չօգտագործելով, այդ նպատակով քաղաքական ուժերին աջակցության կոչ չանելով, այլ հակառակը՝ սպառնալով, երիտնախաձեռնողները, այնուամենայնիվ, որոշել են խոնարհաբար լռել, ապա գուցե նրանց ինչ-որ տեղից բացատրել են, որ լռելն ավելի շահեկան է:
Մենք միամտորեն կարծում էինք, որ քաղաքացիական հասարակությունը («Դեմ եմ»-ը ոչ միայն նրա անդամների, այլև անգամ նրանց պայքարի թիրախ Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացվում է՝ որպես քաղաքացիական հասարակության շողշողուն օրինակ) առաջին հերթին՝ մտքի, կարծիք հայտնելու ազատությունն է, հանդուրժողականությունն այլակարծության նկատմամբ: Բայց «Դեմ եմ»-ի մի խումբ անդամներ այսօր խմբագրությանն ուղարկած իրենց նամակներով (նրանց անունները չենք հրապարակում, քանի որ վստահ ենք՝ շարժումը ոչ միայն ու հուսանք՝ ոչ այնքան նրանք են, որքան շարժման մեջ ընդգրկված հարյուրավոր՝ իսկապես ազնիվ, պարկեշտ ու առաքինի երիտասարդներ), ցավոք սրտի, ցույց տվեցին հակառակը:
Սահմանադրական դատարանի մոտ լուռ անհնազանդվելու նախորդ օրը նրանք իրենց մտքին ու լեզվին այնպիսի սանձարձակություն են թույլ տվել, որ ցանկացած մեկի մոտ հարց կարող է առաջանալ՝ ինչպե՞ս կարող են միևնույն նախաձեռնության անդամներն իրենց պայքարի թիրախ վարչապետի հետ հարաբերվել՝ որպես բարեկրթության փարոսներ, իսկ նրանց մասին կարծիք հայտնողներին տալ որակումներ, որոնք բնորոշ են իրենց հակառակորդ վարչապետի մականունավոր կուսակիցներին:
Բայց դա չէ կարևորը: Փառք ու պատիվ «Դեմ եմ»-ի այդ երիտասարդներին, ովքեր քաղաքացիական հասարակության կայացման ու պարտադիր կուտակային համակարգի կազմաքանդման համար միջոցների մեջ խտրություն չեն դնում: Նրանք հաստատ կհասնեն իրենց նպատակին, որովհետև պայքարում են նույնքան վեհ ու բարոյական մեթոդներով, որքան իրենց պայքարի թիրախներն են պայքարում հայկական աշխարհի բարգավաճման համար: Որովհետև դա լինելու է ու, թերևս, արդեն կա աշխարհ, որտեղ բարձր աշխատավարձ ստացողները կարողանում են լեզու գտնել իրենց աշխատավարձի մի մասը խլողների հետ:
Անկախ նրանից՝ ի՞նչ կորոշի ՍԴ-ն, այդ երիտասարդներն արդեն հաղթել են:
Հավասարվելով նրանց, ում դեմ պայքարում էին: Իսկ վերջիններս ապրում են այնքան կուշտ ստամոքսով, որ աշխատանքից ազատ ժամերին կարողանում են իրենց թույլ տալ զբաղվել բարձր կատեգորիաների վերաբերյալ մտավարժանքներով: Այս մի խումբ երիտասարդները գտել են հայկական երջանկության բանաձևն ու ընդվզում են նրանց դեմ, ովքեր հասկացել են, որ լռությունը երբեմն ոչ միայն ոսկի է, այլև 5-6.5 տոկոս:
Աշխատավարձ, կենսաթոշակ, ատկատ կամ դեպուտատություն՝ արդեն կարևոր չէ:
Ամիսներ շարունակ՝ նաև համակրելով երիտասարդների այս շարժմանը, մենք միաժամանակ փորձում էինք հասանելի դարձնել այն դասագրքային ճշմարտությունը, որ չի կարելի կատուների դեմ պայքարել մկներով, որովհետև կատուներն ապրում են մկներին ուտելու կանոններով: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչպես տասնյակ անգամներ գրել ենք, միայն ու բացառապես քաղաքական խնդիր է, որի լուծումը հնարավոր է միայն քաղաքական հարթությունում:
Եթե անգամ դրա դեմ պայքարողները զզվում են քաղաքականությունից այնքան, որքան իսկական քաղաքականությամբ զբաղվողներն են զզվում քաղաքացիական հասարակությունից՝ իրենց չվերաբերող հարցերին խառնվելու համար: Բայց նրանք «Դեմ են» քաղաքականացվելուն և իրենց պայքարում ընդունելի էին ու են համարում բոլոր միջոցները, բացի քաղաքականությունից: Համակարգչային, ծրագրային որևէ խնդիր ունենալիս՝ մենք դիմում ենք համապատասխան մասնագետներին, որոնցից շատերն, ի դեպ, «Դեմ եմ»-ի ակտիվ անդամներ են:
Դիմում ենք՝ խոնարհաբար լսելով, թե ինչ է պետք անել այդ խնդիրը լուծելու համար: Ու չենք փորձում նրանց բացատրել, որ Windows-ն ավելի լավ օպերացիոն համակարգ է, քան Linux-ը կամ… : Նրանք, սակայն, ցանկանում են քաղաքական խնդիրը լուծել մոտավորապես այնպես, ինչպես կլիներ, եթե ծրագրավորողը համակարգչային ծրագիր գրելիս օգտագործեր «թուղթ ու գիր»-ի լեզուն: Դրա մասնագետներն, ի դեպ, վստահեցնում են, որ կարող են անգամ մարդկանց «լեզուն կապ գցել», այսինքն՝ ստիպել, որ մարդիկ լռեն: Բայց դա էլ իրենց խնդիրն է:
Ցանկանում եք լռե՞լ: Լռեցեք որքան ուզում եք: Լռեցրեք զմիմեանս:
«168 Ժամ»
Հ.Գ. Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ ասվածը չի վերաբերում «Դեմ եմ» շարժմանը, որտեղ, կրկնում ենք՝ մեծամասնություն են կազմում ազնիվ երիտասարդները: Վստահ ենք՝ նրանք իսկապես «Դեմ են» բառի ուղիղ և մարդկային իմաստով: Ի տարբերություն նշված ոչ հաճելի պատմության պատճառ դարձած 7 նամակագիրների: