«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը մասամբ կվերականգնվի և կշահագործվի
«Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) համալիրը մասամբ կվերականգնվի և կշահագործվի: Հանրային կարծիքի ճնշման ներքո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը համաձայնել է քննարկել այս հարցը և լուծում գտնել: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 25-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ճարտարապետների և կոնցենսիոների հետ տեղի ունեցած քննարկման ժամանակ:
Ի պատասխան 168.am-ի հարցադրման՝ գլխավոր վարչությունից հայտնեցին, որ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը ներկայացրել է կառավարության որոշումը, ըստ որի՝ «Հաշվի առնելով հանրության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր մասնաշենքը որպես ճարտարապետության արժեքավոր նմուշ ընկալելու հանգամանքը՝ ընդունել ի գիտություն, որ կիրականացվի կլոր ուղևորային համալիրի քանդման հարցի լուծումների ուսումնասիրություն, և առաջարկությունները լայնածավալ կքննարկվեն»: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշել է, որ պատրաստ են ճարտարապետների հետ քննարկել հետագայում այն մասամբ վերականգնելու և շահագործելու հնարավոր լուծումները:
Այս և այլ հարցերի շուրջ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հետ մեր հարցազրույցը՝ շուտով: