Արամ Մանուկյան. Ծայրահեղ կուսակցականությունը վնասում է մեր երկրին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ հանրակրթական համակարգի, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտների աշխատակիցների, իր իսկ խոսքով՝ «հարկադիր» կուսակցական պատկանելության երևույթին:
«Այսօր այսպես է. Հանրապետական ես՝ կրթաթոշակ կստանաս, Հանրապետական չես՝ դարձիր Հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: 90 տոկոսանոց Հանրապետական համակարգ ունեք: Սա անթույլատրելի է, սա հանցագործություն է: Ես եղել եմ ՀՀՇ կուսակության նախագահ, բայց մի հոգի ՀՀՇ-ական չի դարձել, մենք ապակուսակցականացրել ենք հանրակրթությունը: Գործունեությունը տանել այնպես, որ մարդիկ ստիպված լինեն Հանրապետական կուսակցության անդամ դառնալ՝ իրենց սոցիալական վիճակից ելնելով, ուղղակի անթույլատրելի է: Ծայրահեղ կուսակցականությունը վնասում է մեր երկրին»,- ասաց Արամ Մանուկյանը:
ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց՝ նշելով, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կառավարման ժամանակ նման երևույթ չկա:
«Դուք ասում էիք, որ առողջապահության, կրթության և պաշտպանության նախարարները չպիտի կուսակցականացված լինեն, և մեղադրում էիք, որ Հանրապետականցնում ենք բուհերը, նախարար Աշոտյանի կառավարման շրջանում տարբեր ընդդիմադիր կուսակացությունների ներկայացուցիչներ պատասխանատու պաշտոններ են վայելում այս ոլորտում»,- ասաց նա:
Շարմազանովի գնահատմամբ՝ սա վկայում է ՀՀԿ-ի հանդուրժողական մոտեցման մասին: