
Վաչե Գաբրիելյան. Դա փոխաբերական էր ասված. Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի…

«Ես Ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ ձեզ նույն ձևով ու նույն ոճով ջուր առաջարկեն, և տեսնեմ, թե դուք ձեզ ինչպես եք հրահրում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով երեկվա կոնֆերանսին, որի ժամանակ ակտիվիստները Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին գետի ջուր առաջարկեցին խմել, իսկ վերջինս էլ պատասխանեց՝ նշելով. «Ականջներդ կկտրեմ, կդնեմ ձեռքդ»:
Վաչե Գաբրիլեյանն ասաց, թե պետք չէ մարդկանց հրահրել այնպես, որ նրանք ափերից դուրս գան: Նաև հավելեց, թե այդ սպառնալիքը կիրառվել էր փոխաբերական, ոչ թե ուղիղ իմաստով:
«Դա փոխաբերական էր, իմ կարծիքով: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի… Դա բնականաբար ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ, բայց կարծում եմ, որ հրահրելը ևս ցանկալի չէ»,- նշեց նա:
168.am-ի դիտարկմանը, թե ցավում եք, բայց չեք դատապարտում, Վ. Ավանեսյանն այսպես արձագանքեց. «Եթե դուք ցավի մեջ որևէ լավ բան կամ վատ բան չեք տեսնում և ուզում եք, որ միայն ձեր բառերով շնչեմ, ես կարծում եմ, որ դա ևս ցավալի է»: