Բաժիններ՝

Խորհրդակցություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրների շուրջ

ՀՀ բնապահպանության նախարարի մոտ անց է կացվել խորհրդակցություն նախարարության տեսչական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներով: Լսելով Բնապահպանական պետական տեսչության ստորաբաժանումների և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները՝ նախարար Արամ Հարությունյանը ներկաների ուշադրությունը բևեռել է վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը խթանող գործոնների վրա:

Բնապահպանության նախարարը  արձանագրել է, որ տեսչական որոշ գործառույթներ ոչ բավարար են իրականացվում, ինչը փաստում են Նախարարության ստացած հասարակության ներկայացուցիչների ահազանգերը: Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել ծրագրային և տեխնիկական համալրման առաջարկներ գործունեությունը լիրաժեք կազմակերպելու համար:

Արամ Հարությունյանը հանձնարարարել է բոլոր ռեսուրսները ներդնել ապօրինի ծառահատումների, փայտի ու հողի բերրի շերտի տեղափոխման, ձկան և ընդհանրապես որսագողության դեմ պայքարը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար: Այն մարզային բաժինների ղեկավարներին, ում կողմից վերահսկվող շրջաններում առկա են փոքր ՀԷԿ-եր, հրահանգվել է խստորեն հետևել դրանց կառուցման նախագծային պահանջների և գործողների շահագործման՝ մասնավորապես ջրի սահմանված էկոլոգիական թողքերի պահպանմանը:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ղեկավարը զեկուցել է, որ հասարակության շրջանում արձագանք գտած Սյունիքի Գեղի գետում թափոնների խառնվելու տեսագրությունն արվել է «Լեռ Էքս» ՓԲԸ-ում արձանագրված վթարի ժամանակ, ինչի վերաբերյալ նախարարությունը համապատասխան պատժամիջոցներ էր սահմանել: Բնապահպանության նախարարը լսելով հաշվետվությունը հրահանգել է ուժեղացնել հանքարդյւոնաբերական գործունեությամբ զբաղվող ընկերություններում բնապահպանական պահանջների կատարման գործընթացը և հետագայում նման վթարները բացառելու նպատակով՝ բերել հիմնավորումներ տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացնելու համար:

Նշվեց, որ տեսչական գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խումբը հետագայում ևս  կշարունակի աշխատանքները մինչև  համապատասխան ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս