
Արսեն Ավակով. Եթե հանցագործները սպառնում են նախարարին, ես ընդունում եմ այդ մարտահրավերը. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ուկրաինացի ծայրահեղ ազգայնականների և երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հարաբերությունները սրվում են ժամ առ ժամ:
Հիշեցնենք, որ «Աջ սեկտորի» Արևմտյան Ուկրաինայի տարածաշրջանային համակարգող Մուզիչկոն, որն ուկրաինական հանրությանը ավելի հայտնի էր որպես Սաշա Բելի, սպանվեց երեքշաբթի գիշերը ոստիկանական գործողության արդյունքում: Ոստիկանությունը պնդում էր, որ Մուզիչկոն սպանվել է ձերբակալության ժամանակ դիմադրություն ցուցաբերելու պահին:
Նրա զինակիցների համոզմամբ` Մուզչիկոյին պարզապես սառնասրտորեն սպանել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ ունեցած սուր կոնֆլիկտի պատճառով: «Աջ սեկտորի» ակտիվիստները նույնիսկ հայտարարեցին, թե վրեժ են լուծելու Ավակովից՝ իրենց ընկերոջ սպանության համար:
Սրան ի պատասխան ներքին գործերի նախարարը հայտարարել է.
«Եթե հանցագործները սպառնում են նախարարին, ես ընդունում եմ այդ մարտահրավերը: Այսուհետ ևս իմ մոտեցումը շատ կոշտ է լինելու բոլոր այն հանցագործների հանդեպ, ովքեր խախտում են հասարակական անդորրը: Այդ մարդիկ իրենց կարող են անվանել «Աջ սեկտոր», Մայդանի ինքնապաշտպանություն կամ «Բատկիվշինա» կուսակցություն, միևնույն է ես համոզված եմ՝ իրական հայրենասերները այժմ զենքը ձեռքին պաշտպանում են Ուկրաինայի սահմանները, այլ ոչ թե զբաղված են այս կամ այն արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակվելով կամ էլ մասնավոր սեփականություն հանդիսացող բնակարանների առգրավմամբ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: