Արմեն Աշոտյան. Քամի մի՛ ցանեք, որովհետև դրա պատասխանը լինելու է փոթորիկ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համարում է, որ իր գործընկեր-նախարար Արամ Հարությունյանին մեղադրել պետք չէ այն բանի համար, որ նա ակտվիվիստին ասել էր. «Ականջներդ կկտրեմ, այ լակոտ»:

«Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են.  վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում՝ որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ «դուք ծախել եք հանքը»: Դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, «Դուք կաշառք եք վերցրել»՝ վիրավորա՞նք է, թե՞ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ակտիվիստները խոսել են նախարարի մասնագիտական գործունեության մասին՝ ցույց տալով այն ջուրը, որն այսօր հոսում է, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց.

«Ի՞նչն է մասնագիտական գործունեության մասին, եթե դիմացինիդ ասում են՝ «դուք կաշառակեր եք» կամ «վաճառել եք երկիրը», դա՞ է մասնագիտական…»:

Նա նշեց, թե ինքն ու լրագրողները հավանաբար տարբեր պատկերացումներ ունեն մասնագիտական, լրատվական գործունեության մասին, ապա նշեց. «Եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ՝ հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան, բարի եղեք պարկեշտություն պահպանեք: Ես վաղուց եմ ասել՝ քամի մի՛ ցանեք, ոչ ոք քամի չպետք է ցանի, որովհետև դրա պատասխանը լինելու է փոթորիկ, չի՛ կարելի»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ արդարացնում եք Արամ Հարությանյանի նման պահվածքը, ԿԳ նախարարը հարցով պատասխանեց. «Դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին, դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում, արդացանո՞ւմ եք այն ակտիվիստներին, ովքեր սադրում են:

Մենք արժանի ենք իրար, խնդիրը դրա մեջ է, բայց մենք դա գիտակցում ենք, իսկ դուք դա չեք ուզում գիտակցել: Չկա ավելի լավ իշխանություն Հայաստանում, չորրորդ իշխանությունը նույնքան իշխանություն է՝ իր խնդիրներով»:

Անդրադառնալով ՀՀ արդարադատության և ՀՀ ֆինանսների նախարարների ԱԺ-ում ցուցաբերած պահվածքին, լրագրողները հետաքրքվեցին՝ արդյոք դա ցույց չի՞ տալիս, որ նախարարներն ագրեսիվացել են: Ի պատասխան Արմեն Աշոտյանը հորդորեց հետևեել նաև ընդդիմադիր գործիչների վարքագծին և խնդրի արմատները փնտրել այնտեղ:

«Ինչպիսի ամբարտավանությամբ են խոսում, քննադատությունը մոռացած՝ անցել են պիտակավորումների, դուք դա տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում: Մինչև ձեր աչքի փուշը չտեսնեք, մեր աչքի  փուշը հանգիստ թողեք: Մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս