Վոլոդյա Ավետիսյանն ասում է՝ ակցիաները դադարեցնելու դիմաց իրեն «կլորիկ» գումար են առաջարկել
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազտամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա հայտարարեց, որ ինքը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Վ. Ավետիսյանը բացատրեց, որ երբ ինքը սկսել է բարձրաձայնել ազատամարտիկների խնդիրները, նստացույց հայտարարել, «իշխանական» թևի իրեն ծանոթ ներկայացուցիչներ իրեն առաջարկել են դադարեցնել դրանք, որից ինքը հրաժարվել է:
Ապա իրեն «կլորիկ» գումար են առաջարկել, աշխատանք են առաջարկել, առաջարկել են վերականգնել իր ծառայությունը, որից ինքը կամավոր հրաժարվել էր, առաջարկել են բիզնես Էջմիածնում կամ Երևանում:
Ազատամարտիկի խոսքով՝ ինքը հրաժարվել է, որից հետո բազմիցս զգուշացրել են, որ «գործ չունես, խնդիրներ կունենաս»:
Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ իր հեռախոսը լսել են, լսել են նաև ընտանեկան խոսակցությունները և դրանք վերագրել այս գործին:
Նա նաև պատմեց, որ ձերբակալումից հետո քննիչն առանձին եկել է իր մոտ, ասել, որ եթե նա հրաժարվի հետագա պայքարից, միջնորդություն կներկայացնի իրեն ազատելու մասին:
Ինքն էլ քննիչին պատասպանել է. «Ես իմ հոգին չեմ ծախում, հայրենիքս չեմ ծախում»:
Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունից հետո դատարանի դահլիճում ներկաները սկսեցին ծափահարել: Դատավոր Լևոն Ավետիսյանն էլ ասաց, որ դատական նիստը չխանգարեն, հակառակ դեպքում ինքը քննության կառնի դատական նիստերը դռնփակ անցկացնելու հարցը: Նշենք, որ այսօր Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին նիստն է:
Մանրամասները՝ ավելի ուշ: