Նաիրա Զոհրաբյանի և Արմեն Աշոտյանի բանավեճը՝ սոցցանցերի, ԱՄՆ դեսպանի, գիշերային նիստերի, կրակոցների և այլնի շուրջ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկում է՝ մասնակցել ֆեյքերի շուրջ օրինագծի խորհրդարանական լսումներին և որպես ոլորտի «պրոֆեսիոնալ»՝ դիտարկումներ ներկայացնել:
ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Արմեն Աշոտյանին, ասաց. «Սոցիալական կայքերի, ֆեյքերի, բառամթերքի վերաբերյալ մի փոքրիկ ռեմարկ անեմ. մարտի 31-ին մենք խորհրդարանում լսումներ ունենք ձեր նշած թեմայի վերաբերյալ, և Դուք` որպես սոցցանցերի խիստ ակտիվ օգտատեր և այդ ոլորտում խիստ բազմաժանր գործիչ, կարող եք գալ և այդ լսումներին մասնակցել, խոսել այնտեղ օգտագործվող բառամթերքի վերաբերյալ, որպես այդ ոլորտում պրոֆեսիոնալ՝ Ձեր դիտարկումները հայտնել»:
Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց, որ կարող է մասնակցել լսումներին և պատմել այն մասին, թե ինչպես կարելի է ի տարբերություն շատ գործիչների՝ քիչ գումար ծախսել այդ գործի վրա, բայց արդյունք ապահովել:
«Չգիտեմ՝ որքանով եք Դուք իրավասու ինձ հրավիրել, հուսով եմ՝ ով ինձ իրավասու է հրավիրելու՝ որպես համահեղինակ, կհրավիրի: Խնդրում եմ, ինձ հրավիրել, ես մեծ սիրով կգամ և կպատմեմ հետևյալի մասին. ինչպես, ի տարբերություն որոշ քաղաքական միավորների, փող չծախսել էդ գործի վրա, բայց ունենալ այնպիսի արդյունք, որը զրոյացնի մարդկանց հազարավոր ծախսերը, որոնք արվում են այդ բնագավառում:
Չեմ ուզում գլուխ գովալ, բայց կարծում եմ՝ առայսօր ինձ հաջողվում է, լավ իմաստով՝ «ջրել» այդ քաղաքական ներդրումները, որոնք կատարվում են վիրտուալ տարածքում՝ կոնկրետ նպատակների հասնելու համար և կարող եմ Ձեզ՝ որպես համահեղինակի, հուշել մի շարք այլ հրավիրյալների, որոնք նույնպես շատ օգտակար կլինեն:
Սոցցանցերից շատ ակտիվ օգտվում է, օրինակ, ԱՄՆ նախագահը, իր փորձն էլ շատ լավը կլինի, կարծում եմ՝ կարելի է հրավիրել, Հռոմի պապը, Շվեդիայի ԱԳ նախարարը՝ Թվիթերում, բազմաթիվ այլ մարդիկ: Ես ինձ այդտեղ չեմ դասում, իհարկե, բայց ես իմ համեստ հայկական փորձը պատրաստ եմ փոխանակել Ձեզ հետ»,- նշեց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե Աշոտյանը շատ բարձր կարծիք ունի իր գործադրած ջանքերի մասին:
«Պարոն Աշոտյան, նախ՝ շատ բարձր կարծիքի եք սոցցանցերում Ձեր գործադրած ջանքերի մասին, ես այդքան ինքնավստահ չէի լինի դրանց օգտակարության և արդյունվետության վերաբերյալ: Ֆեոդալիզմի մասին խորհուրդ չէի տա խոսել, այդ դեպքում շատ փակագծեր կբացվեն որոշումների կայացման ֆեոդալական մեխանիզմների մասին, երբ գիշերային նիստերից հետո ողջ հանրությունը տեղյակ է լինում կայացված որոշումների մասին, այդ թվում նաև Դուք՝ հանրության հետ մեկտեղ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ա. Աշոտյանի՝ լսումներին նաև այլ «պրոֆեսիոնալների» հրավիրելու մասին առաջարկին, ապա Նաիրա Զոհրաբյանը այսպես պատասխանեց. «ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին հրավիրելու վերաբերյալ ասեմ, որ մենք նման գործելաոճ չունենք, Դո՛ւք ունեք: Օրինակ, օգտագործել ԱՄՆ դեսպանի երևի թե մեծահոգությունը կամ բարեկրթությունը և նրան դարձնել խայտառակ համակարգի, այն է՝ պարտադիր կուտակային համակարգի էժանագին լոբբիստ»,- նշեց պատգամավորը:
Արմեն Աշոտյանն էլ հիշեցրեց, որ Ն. Զոհրաբյանը խոսում է ԱՄՆ դեսպանի մասին, ապա հորդորեց չմոռանալ, որ ԱՄՆ-ն միջուկային տերություն է: «Ուզում եմ ասել, որ իմ համեստ աշխատանքի բարձր գնահատականը տալիս եք Դուք երկրորդ անգամ այս տասը րոպեի ընթացքում, երբ խոսում եք իմ գործունեության մասին: Չգիտեմ՝ ինչ գովազդ պետք է ես կազմակերպեի, որ աշխարհասփյուռ տարածվեր: Իսկ գիշերային նիստերի մասին ասեմ, որ, իհարկե, գիշերը տարբեր զբաղմունքներ կարող են լինել, բայց նիստերը վատագույնը չեն: Օրինակ, վատագույնը կարող են լինել կրակոցները, տարբեր տեսակի վրաերթերը, ծեծկռտուքները, գիշերային կյանքի վատ տարբերակներ կան, որոնք, ի դեպ, մամուլը չի լուսաբանում: Ի դեպ, երբեմն մամուլը չի լուսաբանում այդ կյանքի նաև ցերեկային տարբերակները….»,- հավելեց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից արձագանքեց՝ հորդորելով չտեղափոխել կրթությունը վիրտուալ դաշտ:
Լուսանկարը՝ 168.am-ի