«Քաղաքականությունը ինտելեկտի հարց է, փողով դրանով զբաղվելն անիմաստ է». Արմեն Աշոտյան. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

– Պարոն Աշոտյան, չորս ոչ իշխանական ուժերը կառավարության հրաժարական են պահանջում: Դուք հրաժարական կտա՞ք և ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

– Նախ ուզում եմ զարմանքս հայտնել առ այն, թե ինչու են ձգել ևս մեկ ամիս, եթե այդքան մեծ վստահություն ունեն, որ դա իրականում ժողովրդի սրտից է բխում, որ իրենք իրականում այդ հրաժարականը կյանքի կոչելու քաղաքական համապատասխան լծակներ ունեն: Ինչո՞ւ դա չանեին այս քառօրյայում, ինչո՞ւ ևս մեկ ամիս այս խեղճ ժողովուրդը պետք է տառապի այս արյունախում կառավարության ձեռքում:

– Այդ ուժերը բացատրեցին, որ ծրագիր են նախապատրաստում, որով պետք է աշխատի հաջորդ կառավարությունը:

– Երկրորդ նոնսեսն է, որովհետև կառավարությունները ստեղծվում են քաղաքական մեծամասնության կողմից, վարչապետը ներկայացվում է երկրի նախագահի կողմից: Ակնհայտ է, որ այս չորս ուժերը չունեն քաղաքական որևէ հնարավորություն իրենց խոսքը վերջապես ինչ-որ գործի վերածելու: Այն, որ կառավարության հրաժարականը կարող է լինել բացառապես քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի հարցը: Այն, ինչ փորձում են շրջանառել մեր ընդդիմախոսները` ավելի շատ ռեալիթի շոու է հիշեցնում, երբ ամեն օր մի հերթական, քաղաքական լուրջ հետևանք, արժեք չունեցող հանդիպում կամ մեկնաբանություն փորձում են շարել որպես այդ շոուի «ևս մեկ օր անցավ» թեմայով: Այսօր մեկնաբանել կառավարության հրաժարականի հարցը, աբսուրդ է, որովհետև այն գոյություն չունի: Եվ խոսել դրա մասին այսօր` նույնն է, ինչ հիմա մեկնաբանել Բրազիլիայի՝ աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, որը նորից մի քանի ամիս հետո է լինելու:

Եվս մի շատ կարևոր հանգամանք՝ ես ունեմ իմ վարկածը, թե ինչու, օրինակ, իրեն այլընտրանք հռչակած քաղաքական միավորն այս նստաշրջանի մեկնարկին ունենալով սեփական ուժը որպես ընդդիմադիր հռչակելու և քաղաքական դաշտում ավելի ազնիվ ու զուլալ պայքար տանելու իրավական բոլոր հիմքերը, այդպես էլ դա չարեց: Որոշները փորձում են խոսել Հանրապետականի ներսում հնարավոր առնետավազքի մասին և մտածում են, որ քառյակի հույսը դրա վրա է:

Ես ճիշտ հակառակն եմ կարծում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարում իր ընդդիմադիր լինելու մասին, որովհետև այդ դեպքում այդ կուսակցությունից բազմաթիվ մարդիկ դուրս կգան: Եվ դա առնետավազք չի լինելու, որովհետև այն մարդիկ, այդ թվում` և պատգամավորները, չեն եկել, չեն ընտրվել, չեն մտել քաղաքականության մեջ ի սկզբանե իմանալով, որ ԲՀԿ-ն կարող է դառնալ ընդդիմադիր: Հետևաբար, եթե այդ կուսակցությունը մի օր հայտարարի, որ դառնում է ընդդիմադիր, նա է ունենալու մարդկային և լուրջ ռեսուրսների կորուստներ: Իրենք դա շատ լավ գիտեն, և դրա համար է այս ամբողջ խաղը գնում, այսպես ասած, հակաքաղաքագիտական հարթակի մեջ: Եվ հիշեցնում է շատ յուրօրինակ հայկական ֆենոմեն, որտեղ իրենց համար արդյունքը կարևոր չէ, կարևորը պրոցեսն է:

– Դուք ասում եք, թե նրանց գործողությունները ռեալիթի շոու են հիշեցնում: Բայց իշխանությունները ոչ իշխանական ուժերին այլ հնարավորություն չեն տվել, քան քննարկումները, հարցեր բարձրացնելը:

– Քաղաքական մեծամասնությունն է նախաձեռնել ԱԺ կանոնակարգ օրենքի այնպիսի փոփոխություններ, որոնց շնորհիվ ընդդիմությունն այսօր ունի կարևորագույն հարցեր ԱԺ ամբիոնից հնչեցնելու, առաջնահերթության կարգով հայտարարություններ անելու, կառավարությանը առաջնահերթության կարգով հարցեր տալու, այս կամ այն հարցը անհետաձգելի ճանաչելու գրեթե անսահմանափակ հնարավորություններ:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք դժգոհում, երբ նրանք օգտվում են իրենց իրավունքներից:

– Ո՞վ է դժգոհում, ես վայելում եմ: Ես՝ որպես քաղաքական կերպար, սիրում եմ քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով: Անգամ եթե կարմիր թելերով է կարած այս կամ այն քաղաքական գործը կամ թղթապանակը, դա ինձ հաճելի է բացահայտել, որովհետև որքան էլ ինտելեկտի նշույլներ մեր որոշ ընդդիմախոսների քննադատության մեջ դժվար է գտնել, այդուհանդերձ դրա բացահայտումը ինտելեկտուալ աշխատանք է: Քաղաքականությունը ինտելեկտի հարց է, փողով քաղաքականություն վարելն անիմաստ է, եթե անգամ ինչ-ինչ գայթակղություններով կարելի է փորձել քաղաքականության եզրին հայտնված ուժերին բերել ինչ-որ համախմբման, ապա դա չի կարելի անել գլոբալ մակարդակով: Քաղաքականությունը ինտելեկտուալ զբաղմունք է: Խնդրում եմ, սա դարձնենք աքսիոմ:

– Դուք չե՞ք կարծում, որ Սահմանադրական դատարանի այն վճռից հետո, երբ հակասահմանադրական կճանաչվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, արժե, որ կառավարությունը հրաժարական տա:

– Նախ ես չգիտեմ` դուք որտեղից գիտեք, թե ՍԴ-ն ինչ է որոշելու: Եվ չեմ կարծում, որ ողջ օրենքը կարող է լինել հակասահմանադրական ճանաչելու ռիսկի տակ, բայց կհետևեմ ուրբաթ օրը կայանալիք ՍԴ նիստին և կծանոթանամ որոշմանը: Բայց եթե անգամ ՍԴ-ն որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչի, ապա այս կառավարությունը պիտի շարունակի աշխատել, քանի որ երկրում այնպիսի իրավական համակարգ է ապահովել, որ քաղաքական մեծամասնության կողմից ձևավորված կառավարությունը, որը բերել է օրինագիծ, որն արժանացել է ԱԺ-ում դեռևս 2010թ. նաև այսօրվա ընդդիմախոսների համակրանքին, ստացել է վստահության մեծ քվե, գնում է ՍԴ, և ՍԴ-ն անաչառ որոշում է կայացնում: Մենք` որպես կառավարություն, որի գերակայություններից կարևորագույնը ժողովրդավարության հասարակության և քաղաքացիական ինստիտուտների զարգացմամբ իրավական պետության կառուցումն է, պետք է հպարտանանք ՍԴ ցանկացած որոշմամբ: Իսկ եթե ՍԴ որոշումը լինի կառավարության տեսակետին հակառակ, առավել ևս կառավարությունն այդ դեպքում իր քաղաքական միսիան կատարել է փայլուն:
Հարցազրույցը՝ Արմինե Ավետյանի

Ամբողջությամբ՝ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս