Քննարկվել է թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թ. տարեկան զեկույցը
Մարտի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում քննարկվեցին թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թվականի տարեկան զեկույցի դրույթները:
Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, արդարադատության, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, պետեկամուտների կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրետլի Բուզետտոն ներկայացնելով տարեկան զեկույցը նշեց, որ թեև վերջերս ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել և առգրավվել է թմրամիջոցների աննախադեպ խոշոր խմբաքանակ, Հայաստանը, այնուհանդերձ, չի պատկանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների կիրառության ահագնացող ծավալների ծանր ազդեցության տակ գտնվող երկրների թվին:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի համաձայն` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, և չնայած տարածաշրջանի մյուս երկրների համեմատ լավ դիրքին` 2013 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների աճ` 83 դեպքով: Ավելացել են նաև թմրամիջոց պարունակող բույսերի աճեցման դեպքերը: Դրան զուգահեռ` ավելացել են ապօրինի պահվող թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների բացահայտման և հոգեմետ նյութերի առգրավման դեպքերը: 2013 թվականին ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից հանվել է 93.594 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, առգրավվել է նաև 40.7 գրամ հոգեմետ նյութ, 337.5 մլ պրեկուրսոր:
Արթուր Մինասյանը նաև նշեց, որ նարկոլոգիական կլինիկայի տվյալների համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 5022 թմրամոլ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 4332: Այսինքն, նկատելի է ցուցանիշի աճի միտում:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ՀՀ-ում անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի օգտագործումը չի գերազանցում 8-10 ցուցանիշը, ինչը մյուս պետություններում աճի միտում ունի: Իսկ գործածողների հիմնական մասը 30-35-ից բարձր տարիք ունեցողներն են:
Ասուլիսի վերջում գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՀՀ Ոստիկանություն