Լ. Սարգսյան. Հանրությանը բաժին է հասնում ՀՀ-ին պատկանող ռեսուրսների արժեքի չնչին մասը
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը ընդերքի անխնա շահագործումից գնալով էլ ավելի է խորանում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա՝ այս միտումը վտանգավոր է ոչ միայն առողջապահական և սոցիալական առումներով, այլև երկրի տնտեսական անվտանգության, որովհետև, ըստ պատգամավորի, հանքահումքի վրա «նստած» տնտեսությունը ոչ թե զարգացում է, այլ սպառում: «Մենք ընդամենը վաճառում ենք մեր ազգային հարստությունը և դրա հաշվին ապրում»- հավելեց նա:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հանրությանը բաժին է հասնում ՀՀ-ին պատկանող ռեսուրսների արժեքի չնչին մասը, այն դեպքում, երբ ողջ հարստությունը բաժին է հասնում աշխարհի տարբեր օֆշորային գոտիներում գրանցված ինչ-որ ընկերությունների, որոնց հետևում «կանգնած են շատ կոնկրետ պաշտոնյաներ»:
Ըստ նրա՝ ստացվում է, որ տեղի է ունենում ժողովրդին պատկանող ունեցվածքի բացահայտ թալան, ինչը խրախուսվում է նաև արևմտյան գերտերությունների կողմից:
Նա անդրադարձավ նաև այսօր տեղի ունեցած կոնֆերանսին, որը միտված էր Հայաստանում հանքարդյունաբերության զարգացմանը:
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատները, Համաշխարհային բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ հայրենի կառավարության հետ համատեղ կազմակերպում են «Պատասխանատու հանքարդյունաբերություն» անվանումն ունեցող մի միջոցառում, և դա այն դեպքում, երբ այդ նույն երկրներին պատկանող ընկերությունները Հայաստանում ամենաանպատասխանատու ձևով են շահագործում մեր հանքավայրերը:
Շատ ավելի հեշտ կլիներ ոչ թե ինչ-որ մասնագետների հրավիրել և ամպագոռգոռ անվանումներով կոնֆերանսներ կազմակերպել, այլ պարզապես նրանց պարտավորեցնել բարեխղճորեն աշխատել»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործումը պարունակում է անհամեմատ ավելի մեծ վտանգներ, քան դրա տված օգուտները: «Իրավունք ունեմ ունեմ կասկածելու, որ այս նախագծի քողի տակ մեկ այլ բան է նախատեսվում իրականացնել»,- կանխատեսեց պատգամավորը:
Նա նշեց, թե արևմտյան տերությունները մտահոգված են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հնարավոր հեռանկարից, որն էապես բարդացնելու է նրանց գործունեությունը՝ հանքահումքի արտահանման հարցում, քանի որ, Լ. Սարգսյանի խոսքով, արտահանման համար սահմանված այսօրվա՝ զրո դրամ մաքսատուրքի արժեքն ու վերահսկողության մակարդակը կարող է էապես վերանայվել:
«Հանքարդյունաբերությունը չի կարող Հայաստանում լինել տնտեսության գերակա ճյուղ, և մեր ռեսուրսների գերշահագործմամբ զբաղվող ժողովրդավարական պետությունները ավելի լավ կանեն մեկ այլ կոնֆերանս կազմակերպել և պարզաբանել, թե ինչպե՞ս են ծախսվել այն հսկայական գումարները, որոնցով պարբերաբար սնուցել են Հայաստանի կոռումպացված իշխանություններին: Գո՞ւցե դրանք հատկացվել են այն նպատակով, որպեսզի հետագայում հեշտությամբ տիրանան մեր հանրային ունեցվածքին»,- եզրափակեց նա: