Բաժիններ՝

Նիկոլայ Բաղդասարյան. Վարդան Պետրոսյանին ձերբակալել են մինչև տուժողների հետ հանդիպելը

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին նպաստող հանգամանքներ են եղել ճանապարհային նշանների բացակայությունը, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի որոշ անսարքություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ զարմանք հայտնեց, որ նույնիսկ վթարից հետո տարածքում ճանապարհային նշաններ չեն տեղադրվել:

Նա նշեց, որ Հայաստանում վթարների դեպքում միշտ խոսում են վարորդներից մեկի գործողության մասին, իսկ մյուսի գործողությունների վերաբերյալ եզրակացություններ չեն արվում:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ետևում չորս անձ է նստած եղել, մեքենայի ծանրության կենտրոնը կտրուկ ետ է գնացել.

«Հարվածից մեքենայի առջևի մասը բարձրացել է վերև: Եթե մի փոքր թեքությամբ խփվեր, հաշվեք, որ մեքենան շուռ էր գալու ու դժվար թե այնտեղ մարդ կենդանի մնար»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինքը խոչընդոտում է երկու կողմերի հաշտեցմանը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Հավատացեք, չի հայտնվի մի փաստաբան, որը կուզենա, որ իր վստահորդն ու հակառակորդ կողմը բարիդրացիական հարաբերություններ ունենան: Իմ շահը ո՞րն է, որ երկուսը թշնամի լինեն, կարո՞ղ են բացատրել»:

Ն. Բաղդասարյանն ասաց, որ երբ Վարդան Պետրոսյանն իրեն հիվանդանոցում պատմել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետընթաց է կատարել, ինքն ասել է, որ նա մեղավոր չէ. «Ինքն ասաց՝ բեր ամեն ինչ անենք, որ մյուս կողմին վնաս չպատճառենք: Ասացի՝ բայց ես կարող եմ դա շատ արագ ապացուցել՝ ունեմ տրամադրված լուսանկարները, տրամադրեմ դրանք, մոդելավորեն: Ասաց՝ հենց մոդելավորեցիր, հրապարակեցիր, կլինի հայոց պատմությունը և թշնամություն, ավելի լավ է թող ժամանակ տան, ես ոչ թե պատգարակով, այլ իմ ոտքով գնամ իրենց տուն, պատմենք օբյեկտիվ ճշմարտությունը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և փորձենք հաշտության եզրեր գտնել: Ասեմ՝ այն ժամանակ հաշտության եզրեր հստակ եղել են»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ երբ Վ. Պետրոսյանը քիչ թե շատ լավացել է, ի վիճակի է եղել գնալ և խոսել մյուս կողմի հետ, իրենք այդ մասին տեղյակ են պահել քննիչին. «Մեկ օր առաջ եկել, ձերբակալել են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս