Եթե հարկում դրվի պոչամբարների վրա, հանքարդյունաբերությունը չի կարողանա ՀՀ-ում գոյատևել. Վահրամ Ավանեսյան (տեսանյութ)
«Հանքարդյունաբերության կողմից վճարվող հարկերը դժվար է գնահատել: 2012թ-ին ոլորտը վճարել է 43 մլրդ դրամ հարկ, որն ընդհանուր հարկային հավաքագրումների 5%-ն է: Սա այն ոլորտներից է, ՀՀ-ում՝ միակ, որ վճարում է հարկեր շուրջ 70% ավելի, քան նրա մասնաբաժինը տնտեսությունում»,- այսօր ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կազմակերպած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. Հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ ընդհանուր հանքագործությունը միջազգային միջինում վճարում է շուրջ 12% հարկ, ՀՀ-ում 2012 թ-ին հարկերը 18% են կազմել:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության օգուտները հաշվարկում են, իսկ վնասը թերի է հաշվվում:
«Արդյոք ցանկություն ունե՞ք հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական հաշվարկները կատարել ոչ կողմնակալ»,- նախարարին հարցադրում արեց Սանասարյանը և կոչ արեց պոչանքն ու դատարկ ապարները բերել հարկման դաշտ: Նրա խոսքով՝ ոլորտի ընկերություններն օգտակար հանածոները հանում են, պոչանքը՝ նվիրում պետությանը:
Դիմելով Համաշխարհային բանկի ներկայացուցչին՝ Հ.Սանասարյանը նշեց, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության օրենքն ընդունվեց հենց ՀԲ թելադրանքով. «Դուք վերջին 20 տարում ապացուցեցիք, որ մահվան նպատակով եք մտել ՀՀ»:
Վ. Ավանեսյանը նշեց, որ պոչամբարները հարկելու առաջարկ եղել է, բայց եթե հարկում դրվի անմիջապես պոչամբարների վրա, և ոչ թե հաշվի առնվի հանույթի արդյունավետույունը, ապա հանքարդյունաբերությունը չի կարողանա ՀՀ-ում գոյատևել. «Դրա համար կան տարբեր եղանակներ և այս համաժողովը այն վայրն է, որտեղ կարող ենք քննարկել դա»:
Մանրամասները՝ տեսանյութում
[=”//www.youtube.com/embed/3d7hOz8oqT0″ frameborder=”0″]