Գագիկ Ծառուկյանը հանդիպել է տաքսիստների հետ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք. «Օրեր առաջ 120-ից ավելի անհատ տաքսու վարորդներ բաց նամակ էին գրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և, ի թիվս տարբեր խնդիրների, բարձրաձայնել հարյուրավոր հաշվիչներ ձեռք բերելու կարևորության մասին: Տաքսիստները նշել էին, որ բազմիցս են Գագիկ Ծառուկյանի աջակցությանն արժանացել ու խնդրել էին օգնության ձեռք մեկնել նաև այս անգամ: Նամակի հրապարակման հենց հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդիպեց տաքսիստների հետ և տեղեկացրեց, որ խնդիրը լուծված է:

«Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում:

Հանդիպման ընթացքում արծարծված խնդիրները բազմաթիվ են: Կայանատեղերի բացակայություն, արագաչափ սարքեր, մեկը մյուսին հաջորդող խոշոր տուգանքներ. սրանք խնդիրներ են, որոնք տաքսիստների համար արդեն գլխացավանք են դարձել: Տաքսու վարորդներին հատկապես մտահոգում է այդպես էլ չբարեփոխված օրենքի բացակայությունը: Դեռ մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր հարցին շուտափույթ լուծում տալ, բայց սայլը մինչև այսօր տեղից չի շարժվել:

«Որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, միևնույն է, դրանք բոլորը լուծելի են. հարկավոր է միայն կամք ու վճռականություն: Ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Եթե համախմբվեն երկրի ճակատագրով մտահոգ ուժերն ու անհատները, բոլոր դժվարություններն էլ հնարավոր կլինի հաղթահարել: Ես միշտ ձեր կողքին եմ ու պատրաստ օգնության ձեռք մեկնել ցանկացած դժվարին պահի. զինվե՛ք համբերությամբ ու հավատացեք՝ ամեն ինչ լավ է լինելու»,-վստահ է Գագիկ Ծառուկյանը:

Կարդացեք նաև

Հանդիպման ավարտին տաքսիստները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար ու խոստովանեցին՝ գիտեին ու համոզվեցին հերթական անգամ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի` իրենց մասին մտածող ու իրենց հոգսը կիսող ունեն»:

Տեսանյութեր

Լրահոս