Գալուստ Սահակյան. Վերնագիրն այնքան տարողունակ է, որ դա ուսումնասիրելու համար կարելի է Ամերիկայի սենատից էլ մարդիկ բերել

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ ԱԺ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկին Հանրապետական խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ ընդգրկեցին «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու մասին որոշման նախագիծը:

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե մեծամասնությունը դեմ է հանձնաժողովի ստեղծմանը, ուստի դեմ կքվեարկի օրինագծին:

«Այդ նոր հանձնաժողովը չեն կազմակերպել, ստեղծել նրա համար, որ արդյունքներ ձևավորեն. դա երևալու փորձ է: Վերնագիրն այնքան տարողունակ է, որ դա ուսումնասիրելու համար կարելի է Ամերիկայի սենատից էլ մարդիկ բերել, հազիվ հասցնենք ուսումնասիրել: Նրանք պարզապես ամբիոն են ուզում, խոսում են, մենք էլ լուռ ու մունջ ենք, լսում ենք իրենց»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, թե ԱԺ-ն չի կարող Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ որոշում կայացնել:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս հանձնաժողովն էլ «գազային» հանձնաժողովի ճակատագրին արժանանա, այսինքն՝ դեմ քվեարկեք, այնուհետև ինքներդ առաջարկեք ստեղծել այդ հարցերն ուսումնասիրող հանձնաժողով, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե, դեմ ենք քվեարկելու միանշանակ: Բայց հնարավոր է, որ այս ամիսների ընթացքում քննարկման փուլ անցկացնենք, տեսնենք՝ ինչ պրոցեսներ կան, խնդիրները որն են, հետո… թե չէ՝ ոտքի վրա ստորագրություն հավաքել, բերել ներկայացնել… մենք պատահական քաղաքական ուժ չենք, որ նման… Մարդիկ են, փոքրամասնություն են, հաղթահարման խնդիրներ ունեն, հարց են բարձրացնում, ինչի՞ մենք պիտի տրամադրություններս գցենք»:

Տեսանյութեր

Լրահոս