Նիկոլ Փաշինյան. Արագաչափերի ընկերության հետևում կանգնած է Ալեքսանդր Սարգսյանը (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում քննարկվող ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի վարձավճարի և այլ խնդիրներն ուսունասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է 12 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ: Նրա խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը մարդիկ օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, ապա հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար»:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ, ըստ ՀՀ ոստիկանության, այդ սարքերի ներդրումը արդյունք կամ հետևանք է կոռուպիցիայի դեմ պայքարի, սակայն, նրա խոսքով, դա արդյունավետ միջոց չէ, քանի որ եթե նախկինում պետավտոտեսուչները առձեռն էին վերցնում այդ գումարը, ապա հիմա այնպես չէ, որ այդ գումարն այլևս չեն վերցնում:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույն գումարները վերցնում են: Եթե ձեզ թվում է, թե այդ մասին ՀՀ քաղաքացիները չգիտեն՝ դուք չարաչար սխալվում եք… Եթե կոռուպցիայի դեմ պայքար է, ապա շատ վատ պայքար է, որովհետև ամենակոռումպացված պետավտոտեսուչին կարելի է բացատրել, ամենակոռումպացված պետավտոտեսուչը չի տուգանի վարորդին, որ նրա մեքենայի անվադողը շոշափել է հոծ գիծը, բայց այսօր ամենածիծաղելի խախտումների համար մարդիկ ենթարկվում են աստղաբաշխական տուգանքների… Պետավտոտեսուչին կարելի է բացատրել, որովհետև մարդիկ տեսնում և հասկանում են, իսկ ձեր արագաչափ սարքերը տեսնում են, բայց չեն հասկանում»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Ճանապարհային ոստիկանության արձանագրած մահվան դեպքերի վիճակագրության տվյալները, ապա նկատեց. «Ոչ ոք չի ասում` խախտումը չպիտի տուգանվի, մենք ուզում ենք խախտումները նվազե՞ն, թե՞ որոգայթներ լարենք վարորդների համար: Այս դահլիճոմ գտնվողների 99 տոկոսը, չեմ ուզում ասեմ 100 տոկոսը, որպեսզի դալիճում գտնվող ներկաների համար մեկ տոկոս ալիբի ապահովեմ, 99,9 տոկոսը համոզված է, որ արագաչափերի ընկերության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր ա գնում գումարները, ո՞ւր ա գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր որպես սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնող, հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ փայա մտնում»,- եզրափակեց նա: