Ուկրաինայից և Բելառուսից որոշ ձու ներկրողներ կպատժվեն
Արտերկրից հավկիթ ներկրող որոշ ընկերություններ կենթարկվեն պատասխանատվության: Ինչպես 168.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ձվի շուկայում ներկրողների գործունեությունը անբարեխիղճ մրցակցությանն է առնչվում, որի դեպքում պատասխանատվության չափը տարեկան շահույթի 1%-ն է:
Ըստ Շաբոյանի՝ խնդիրն այն է, որ հավկիթի դեպքում արտադրությունից մինչև իրացում ժամկետը 25 օր է, մինչդեռ Ուկրաինայից, Բելառուսից ձու է ներկրվում 60 օր պահպանման ժամկետով: Տեղական արտադրողները դիմել են հանձնաժողով՝ բողոքելով ստեղծված իրավիճակից:
«Մենք ուսումնասիրություն ենք սկսել, առաջիկայում կհապարակենք արդյունքները: Երևանում նման խնդիրներ չեն բացահայտվել, ավելի շատ դա վերաբերում է մարզերին»,- ասաց Ա.Շաբոյանը:
Նա շեշտեց, որ ՀՀ օրենքով չի թույլատրվում 25 օրից ավելի հավկիթի պահպանման ժամկետ և այս դեպքում էական չէ՝ հավկիթը ներմուծված է, թե տեղական արտադրության: