Բաժիններ՝

Քաղաքացին հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին իրենից կաշառք պահանջելու համար

Քաղաքացի Ս. Ու.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2014թ. հունվարի 24-ին
հաղորդում էր տվել այն մասին, որ իր բնակարանից 2,5 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար վարույթն իրականացնող քննիչը, ինչպես նաև քրեական հետախուզության բաժանմունքի պետը և նույն բաժանմունքի օպերլիազորը 2013 թվականի մայիսին իրենից պահանջել են 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:

Ոստիկանության քննիչի, քրեական հետախուզության նախկին բաժանմունքի պետի, նույն բաժանմունքի օպերլիազորի կողմից 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու դեպքերի հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են բազմաթիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Մասնավորապես` պարզվել է, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը դեպքից դեռևս մեկ տարի առաջ` 2012 թվականից, ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից` անցնելով ծառայողական կենսաթոշակի, որից հետո գտնվել է Երևան քաղաքում և այլևս որևէ կապ չի ունեցել ՀՀ ոստիկանության բաժնի հետ: Առերես հարցաքննության ժամանակ Ս. Ու.-ն, հրաժարվելով քննիչ Դ. Դ.-ի կողմից կաշառք պահանջելու հանգամանքից, նշել է, որ իրենից կաշառք է պահանջել միայն օպերլիազոր Վ. Կ.-ն` իր տանը` բնակարանային խուզարկության ավարտից հետո, մինչդեռ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Կ.-ն նշված բնակարանում կատարված խուզարկությանը չի մասնակցել:

Քրեական գործով ձեռք բերված այս և մի շարք այլ ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Ա. Ս.-ն, քննիչ Դ.Դ.-ն և նույն բաժանմունքի օպերլիազոր Վ. Կ.-ն Ս. Ու.-ից կաշառք չեն պահանջել, այլ Ս. Ու.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, կատարել է սուտ մատնություն` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող անձանց կողմից ծանր հանցագործություն կատարելու` իրենից խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ Ս. Ու-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս