Վաղը «Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքին ելույթ են ունենալու նաև Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը
Վաղը՝ մարտի 22-ին, կայանալիք «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու են ոչ միայն ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները, այլև՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի համակարգող, «Սարդարապատ» շարժման հիմնադիր Ժիրայր Սէֆիլյանը, դերասան Աշոտ Ադամյանը: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամներ Դավիթ Մանուկյանը, Գևորգ Գորգիսյանն ու Արտաշես Արաբաջյանը: Նրանց խոսքով՝ ելույթ են ունենալու նաև Նիկել Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից:
Դավիթ Մանուկյանը նշեց, որ դերասան Ադամյանի մասնակցությունը հանրահավաքին հավանական է, քանի որ հրավերը վերջինիս կողմից ամեն դեպքում չի մերժվել:
Ըստ նրա՝ ԱԺ խմբակցությունները իրենք են որոշել, թե ովքեր պետք է մասնակցեն հանրահավաքին, ելույթ ունենան:
Հարցին, թե ինչո՞ւ հանկարծ որոշեցին հրավիրել Նիկոլ Փաշինայնն ու Ժիրայր Սէֆիլյանին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Սէֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկի, հայրենիքի համար կռված անհատի, ով աջակցել է նաև այս շարժմանը, ուստի տրամաբանական է նրա մասնակցությունը: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա բոլորս էլ գիտենք՝ ով է Փաշինյանը, նա գիտելիք ունի օրենքի հետ կապված»:
Նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանն էլ շարունակեց, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից պարբերաբար հանդես է եկել կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչ դեմ ելույթներով, ուստի նա ասելիք ունի հնարավաքում:
Հարցին, թե արդյոք շարժումը չի՞ քաղաքականացվում քաղաքական գործիչների մասնակցությամբ, նախաձեռնության անդամները չհամաձայնեցին՝ նշելով, որ որպես ՀՀ քաղաքացիների, իրենց ամենևին չի հուզում այն վարկածը, որ վերոնշյալ մարդկանց ներկայությամբ շարժումը կարող է քաղաքականացվել:
«Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «մայդան» են սպասում, պետք է հիասթափվեն»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, թե «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «մայդանի« ճանապարհով չեն էլ ուզում գնալ։