
Twitter-ի ամբողջովին արգելափակման մասին խոսք գնալ չի կարող. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ չի կարող խոսք գնալ Թուրքիայում Twitter-ի ամբողջովին արգելափակման մասին: Գյուլը հավելել է, որ եթե կան մասնավոր կյանքին ապօրինի միջամտելու դեպքեր, ապա կարող են փակվել միայն կոնկրետ էջեր, այն էլ՝ դատարանի որոշմամբ:
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն հայտարարել է Twitter-ն արգելափակելու հնարավորության մասին՝ հենվելով դատարանի որոշման վրա: Նա կառավարության տվյալ ձգտումը բացատրել էր նրանով, որ այդ ռեսուրսի օգնությամբ հրապարակվում են պետական գաղտնիքներ և իրականացվում է մասնավոր կյանքին միջամտություն:
Թուրքիայի իշխանությունները Twitter-ը սկսել են արգելափակել գիշերվանից: Էրդողանն ավելի վաղ հայտնել էր նաև Facebook-ն ու Youtube-ը արգելափակելու հնարավորության մասին: Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Twitter-ի արգելափակումը ժամանակավոր երևույթ է և երկարի չի տևի: