Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն վավերացրել է Ղրիմի մասին համաձայնագիրը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօրվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել «Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի Հանրապետությունն ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլ դաշնային նշանակության քաղաքի կազմավորման մասին» օրենքը:
Օրենքի ընդունմանը քվեարկել է 155 սենատոր, ձեռնպահ և դեմ քվեարկածներ չեն գրանցվել: Տվյալ փաստաթուղթը խորհրդարանի դիտարկմանն էր ներկայացրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչն էլ երեկ հաստատվել է Պետդումայի կողմից: Օրենքը հաստատում է Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու հիմքերն ու ժամկետները:
Իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ղրիմում ու Սևաստոպոլում նախատեսված չէ պայմանագրի վավերացում, քանի որ նման ընթացակարգ չի նախատեսվել ստորագրված պայմանագրով: Նա հավելել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ ունի Սև ծովում ջրատարածաության բաժանման խնդիր՝ ընդգծելով, որ բանակցությունները չեն կարող վերաբերվել Կերչի նեղուցին: