Թե Գ. Ծառուկյանին, թե այլ ղեկավարներին, մենք սիրով մեր մինուճար փոքրիկ գրասենյակում կընդունենք
Մարտի 14-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին «մասնավոր տարածքում»՝ քննարկելու որոշ հարցեր: Այդ հանդիպումից հետո տարածվեց միայն պաշտոնական հաղորդագրություն և ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ «Ժառանգության» հետ Գ.Ծառուկյանի հանդիպումը չտեսագրվեց՝ «Ժառանգության» դեմ լինելու պատճառով:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր հանդիպման գաղտնիության պատճառը, ինչո՞ւ իրենք մյուս ուժերի նման, Գագիկ Ծառուկյանի հետ չհանդիպեցին Կոնյակի գործարանում, և ընտրեցին մասնավոր տարածք: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե հանդիպումը «ոչ գաղտնի էր, ոչ էլ խորհրդապահական»:
Ըստ նրա՝ նպատակահարմար է համարվել, որ հանդիպումը տեղի ունենա երկու պատվիրակությունների միջև, ապա ներկայացվեր հաղորդագրություն, թե ինչ խոսվեց: «Ես չեմ կարող պարոն Ծառուկյանի անունից խոսել, մեկնաբանել իր դիրքորոշումները, կային որոշակի տարբերություններ, լիքը ընդհանրություններ և երկու կողմերը համաձայնեցին շարունակել խորհդակցությունների շարանը: Ես հանդիպել եմ ոչ միայն պարոն Ծառուկյանի, այլև՝ քաղաքական, քաղաքացիական տարբեր ղեկավարների հետ, ոչ սակայն քառյակի ղեկավարների, մյուս ուժերի ղեկավարների հետ և ակնկալում եմ միասնական ձևաչափով հանդիպենք իրար հետ՝ որոշելու համար՝ որն է ճանապարհը»,-նշեց նա:
Ճշտմանը, թե ինչո՞ւ չի համաձայնել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ Կոնյակի գործարանում, «Ժառագության» առաջնորդը նշեց. «Ես այնտեղ եղել եմ, ով՝ ով, բայց ես բարդություն չունեմ այնտեղ գնալ, հարթակ բարձրանալ, մարդկանց բարևել, նրանց ողջունել, ես խնդիր չունեմ: Այդ որոշումը կայացվեց երկու պատվիրակությունների բանակցությունների ընթացքում և ընդհանրապես ես կողմնակից եմ, որ զարգանա համագործակցության ցանկացած ձևաչափ: Հաջորդ անգամ մեծ հաճույքով, թե Գագիկ Ծառուկյանին, թե այլ ղեկավարներին, մենք սիրով մեր մինուճար փոքրիկ գրասենյակում կընդունենք»: