Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. «Մաքսային միությունն անշրջելի չէ»

Ազատության հրապարակում մարտի 1-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ր. Հովհաննիսյանը ասաց, թե ինքը համաձայն չէ ՀԱԿ առաջնորդի կողմից հնչեցրած որոշ տեսակետների հետ:

«Պարոն Տեր-Պետրոսյանը ծրագրային ելույթ ունեցավ, ճիշտ բաներ ասաց, բայց նաև որոշ բաներ ասաց, որոնց հետ ես համաձայն չէի: Ասաց, թե մնացած բոլորը դեմ են ամբողջական իշխանափոխությանը, ուստի իրենք (ՀԱԿ-ը) զիջող են, դա ճիշտ չէ. «Ժառանգությունն» է, որ միշտ եղել է արմատական դիրքորոշման գլխին: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Մաքսային միությունը անշրջելի է. ես այդպես չեմ համարում: Ոչ մի միության անդամագրումը, եթե այն ընտրված իշխանույթունների կողմից է կայացել, այո, անշրջելի չէ, բայց ներկա դրությամբ ես չեմ համարում, որ անշրջելի է և ում հետ հանդիպում եմ՝ դրա մասին ասում եմ»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անհրաժեշտ համարեց հանդիպում քառյակի ղեկավարների միջև՝ նշելով, որ դրանով կլուծվեն մի շարք տարաձայնություններ:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվելո՞ւ է նախագահի հրաժարականի պահանջը, արդյոք հենց այդ հարցի քննարկման համա՞ր եք ցանկանում հանդիպել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Միջկուսակցական չորսի ձևաչափ տակավին չկա, դա իրականացնելու համար անհրաժեշտէ ղեկավար անձանց համաձայնությունը այդ համագործակցության էության, ծրագրի իրականացման ու նաև որոշումների ընդունման մեխանիզմի վերաբերյալ: Քանի դա դեռ չկա, կա խորհրդարանական համագործակցության եղանակը»:

Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ինքը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ՀԱԿ և ՀՅԴ ղեկավարների հետ:

168.am-ի ճշտող հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է հանդիպել, բայց նրանք հրաժարվել են, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Մենք պետք է հանդիպենք չորսով, հրապարակային և անմիջապես, իսկ եթե դրան հասնելու համար պետք են առանձին հանդիպումներ, ես պատրաստ եմ նաև սրան, հույս ունեմ, որ մոտ ապագայում կլինի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին «Անի» հյուրանոցում հայտարարել էր, թե անմիջական հրամայական է դարձել սահմանադրական հեղափոխությունը, ապա ասել էր. «Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը»:

Նա կոչ էր արել «ապրել մինչև ապրիլ և հավերժող բյուր գարուններ»:

Հարցին, արդյոք չընտրված իշխանությունները հեռանալո՞ւ են մինչև ապրիլի 9-ը, երբ այս առումով որևէ նախանշան չկա, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե ապրիլին չլինի, մենք կունենանք մեծ դժվարություն առաջիկայում ժողովրդի այս պատրաստակամությունը գործողության վերածելու համար: Ժողովուրդը հիմա պատրաստակամ է, համբերությունը լցվել է: Այս դեպքում առանձին նստել, կուսակցական կամ քաղաքացիական սենյակներում, քննադատել մեկը մյուսին, հասնել նրան, թե ո՞վ է ամենանվիրյալը, սին գործունեություն է, ինձ պետք չէ ռեյթինգ, աթոռ, ես ուզում եմ տեսնել իրավական Հայաստան, որը կփոխի իշխանությունը ընտրություններով: Կարծում եմ, որ այս մի քանի ամիսը որոշիչ են լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս