
ԵՄ-ն ու Ուկրաինան այսօր ստորագրելու են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԵՄ-ն ու Ուկրաինան ստորագրելու են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Համաձայնագրի ստորագրումը պլանավորված էր դեռևս 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:
Եվրոպական կողմից համաձայնագիրը ստորագրելու է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, իսկ ուկրաինական կողմից՝ վարչապետ Արսենի Յացենյուկը: Կողմերը Բրյուսելում ստորագրելու են հավելյալ փաստաթուղթ, այսպես կոչված «ամփոփիչ ակտ», ըստ որի՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը մինչև Ուկրաինայի ու ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարանների կողմից հաստատվելը, ուժի մեջ կմտնի անհապաղ:
Միևնույն ժամանակ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն ուժի մեջ է մտնելու Ուկրաինայում ընտրական գործընթացի ավարտից հետո՝ 2014 թվականից ամռանից մինչև 2015 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում: