
Որտե՞ղ են Վրաստանի վարչապետն ու նախագահը, ինչո՞ւ միայն ես. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստեղծած պայմաններում Վրաստանի համար կարևոր է յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր րոպեն:
Սաակաշվիլին կարծում է, որ այդպիսի պայմաններում Վրաստանի կառավարությունը պետք է «գոռա իր ողջ ձայնով». «Ինչո՞ւ ոչ ոք, բացի ինձանից, չի խոսում միջազգային հեռուստաալիքներով: Ես այլևս պաշտոնատար անձ չեմ: Որտե՞ղ է վարչապետը: Որտե՞ղ է ստվերում գտնվող Վրաստանի նախագահը:
Մի՞թե ես պետք է խոսեմ այն մասին, որ Վրաստանը վտանգի մեջ է: Մի՞թե ես պետք է խոսեմ օկուպացիայի մասին: Մի՞թե ես պետք է խոսեմ 2008 թվականի մասին: Մի՞թե ես պետք է թակեմ բոլոր դռները:
Անհասկանալի է, թե այս ընթացքում ինչով են զբաղված Վրաստանի իշխանությունները, ինչը վերաբերում է նաև ընդդիմությանը: Նրանք պետք է դադարեցնեն իրենց ինտրիգները, հատկապես կեղտոտ ինտրիգները: Համաշխարհային հեռուստաալիքների հեռուստաեթերի 90 տոկոսը զբաղեցնում եմ ես:
Դա նախկին նախագահների, պաշտոնաթող քաղաքական գործիչների գործը չէ: Այսօր վճռվում է Վրաստանի ճակատագիրը, և դա ներկայիս կառավարության, ներկայիս քաղաքական շրջանակի առաջադրանքն է: Կանցնի ոչ շատ ժամանակ, և մեր բոլորի համար ամոթալի կդառնա, որ Վրաստանի պատմության համար վճռորոշ պահին մենք զբաղված ենք եղել մանր վենդետայով»: