Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին տալ ռազմական պատասխան. Յացենյուկ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ Բրյուսելում հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի իր զինված ագրեսիան, ապա Ուկրաինան կտա արժանի պատասխան, այդ թվում նաև ռազմական.
«Ես ցանկանում եմ պաշտոնապես զգուշացնել Ռուսաստանին. Ուկրաինան զավթելու, ռուսական զորքերի կողմից սահմանը հատելու, Ուկրաինայի արևելյան կամ յուրաքանչյուր այլ մարզ բռնակցելու փորձի համար նա Ուկրաինայից կստանա կոշտ արձագանք: Մենք կպաշտպանենք մեր տարածքը, և Ռուսաստանը պետք է իմանա դա»:
Յացենյուկը հավելել է, որ իրենք կողմնակից են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն. «Ներկայիս իրավիճակն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների երկկողմ խնդիրը չէ:
Ռուսաստանը ոչնչացնում է միջազգային իրավունքը և խաթարել է միջուկային զենքի չտարածման ծրագիրը: Ռուսաստանը հարևան անկախ երկրում իրականացրել է զինված թալան: Եվ այստեղ ողջ աշխարհը, այդ թվում նաև Արևմուտքը պետք է տան համարժեք պատասխան»: