Հերմինե Նաղդալյանը՝ 4 ուժերին. Ինչքան էլ բարձր գոչեք`ինչքան կաք, այդքանն եք. «Ա1+»

«Ա1+»-ը ներկայացրել է ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու երեկ ձեռք բերած համաձայնության շուրջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը:

– Տիկին Նաղդալյան, քառյակը երեկ վերջապես հայտարարեց, որ ապրիլի 28-ից 30-ը ընթացող քառօրյայի օրակարգ արտահերթ կարգով մտցնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և այդ նպատակով արդեն սկսել են ստորագրահավաք: Ի՞ նչ եք մտածում այս գործընթացի շուրջ, արդյոք նրանց կհաջողվի՞ արդյունքի հասնել:

– Մեկ բան պարզ է՝ խորհրդարանում ուժերի դասավորությունը այնպիսին է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը քաղաքական իմաստով որևէ արդյունք ունենալ չի կարող: Բոլորովին տպավորություն չի գործում , երբ անընդհատ հնչեցվում է՝ 4 ոչ իշխանական ուժեր, որովհետև այդ 4-ից 3-ը իրենց թվաքանակով մի ձեռքի մատների վրա հաշվվող են, իսկ չորրորդն էլ այլընտրանք է և դեռևս չի հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին: Արդյունքի իմաստով եթե փորձենք ուղղակիորեն պատասխանել հարցին, թե ինչ է բխելու այս ամենից, ապա՝ ոչինչ էլ չի բխելու, միայն օդի տատանում է և ևս մեկ անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթների, կուրծք ծեծելու, նյարդային գոռում-գոչյունների հնարավորություն: Չոր մնացորդում՝ ոչինչ չկա և չի մնալու, որովհետև մեկ բան պարզ է և ակնհայտ՝ Հանրապետականի ռեսուրսը խորհրդարանում այնքան մեծ է, որ 4 ուժերն իրար հետ, մի 4-ն էլ կողքից վերադիր, միևնույնն է՝ չունեն այն կրիտիկական զանգվածը, որպեսզի կարողանան հարցը պարզապես խոսակցությունից ռեալության դաշտ բերել: Կառավարության լինել- չլինելու որոշման մենաշնորհը ՀՀ նախագահին և Հանրապետականին է պատկանում:

– Ոչ իշխանական ուժերը, համենայն դեպս դատելով իրենց հայտարարություններից, կարծես հույս են փափագում, որ իշխանություններից կարող են բեկորներ պոկվել և միանալով իրենց, այդպիսով հաջողեցնել իրենց ծրագիրը: Արդյոք չկա՞ նման մտավախություն իշխանությունների մոտ:

– Իրենք դրա վրա հույս չեն դրել, քանի որ գիտեն, որ դա հնարավոր չէ և չի էլ լինի, իրենք հասարակության աչքերին թոզ փչելու, մոլորեցնելու ևս մեկ հնարավորություն են պարզապես փորձարկում, ևս մեկ ծխածածկույթ: Շատ էլ լավ հասկանում են, որ տրամաբանող մարդը անմիջապես հարց է տալիս՝ դուք ուժերի բաշխումը շատ լավ գիտեք, ո?րն է տրամաբանությունը այս անիմաստ քայլը կատարելու: Որպեսզի գոնե մի քիչ իմաստ ներմուծվի և խորհրդավորություն մտցվի, այդ նպատակով էլ հորինվել է վարկածը՝ թե իբր հնարավոր է ինչ- որ մի ,,բեկորիկ,, առանձնանա, միանա իրենց և այդպիսով իրենց նախաձեռնությանը արդյունավետության հույս ներշնչի: Չկա այդ հույսը: Այս առիթով ուզում եմ ընդգծել, որ այդ բեկորների տարանջատման թեման իրենց կողմից շրջանառվում է հենց այն պատճառով, որ բացարձակ անհույս է այս նախաձեռնությունը:

– Այդ դեպքում ո՞րն է պայքարի իմաստը, ինչո՞ւ են ձեռնարկում այն:

– Հայտնի է, չէ՞՝ ով է ձեռքը գցում փրփուրներին, նա, ով ուրիշ տարբերակ չունի: Իհարկե, ընդդիմության գործն է իշխանության դեմ խոսելը, քննադատելը, և այլն, իսկ ամենահնչեղը, թերևս, կառավարությանը անվստահություն հայտնելն է, որովհետև բոլոր պարագաներում կուժն ու կուլան նրա գլխին է ջարդվում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս